02/03/2018 10:51
Ես ոչինչ չեմ արել, որ իմ կյանքում դրա համար ամաչեմ, որ իմ խղճի հետ ես երբևէ կռիվ ունենամ. Հրայր Թովմասյան
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը վերջակետ է դնում քաղաքական գործչի կարիերային։
«Ես այս պահին հայտարարում եմ, որ վերջակետ եմ դնում որպես քաղաքական գործիչ կարիերային, որքան էլ, որ դա ցավալի լինի», - Ազգային ժողովում հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է իր գործընկերների ելույթներին, ապա Հրայր Թովմասյանն ասաց, թե հաճելիորեն զգացված է այդ ամենի համար։
«Ես իմ կենսագրության մեջ ոչինչ չեմ արել, որ իմ կյանքում դրա համար ամաչեմ, ես չեմ արել ոչինչ, որ իմ խղճի հետ ես երբևէ կռիվ ունենամ», - ասաց նա։
Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ Ազգային ժողովի դահլիճում կա մի համախմբվածություն՝ բոլորը համակարծիք են մի հարցի շուրջ, որ Սահմանադրականության գերակայության ապահովումը ու արդարադատության որակի բարձրացումը Հայաստանի առջև ծառացած տասնյակ խնդիրների լուծման բանալին է։
«Ես վստահեցնում եմ, որ ջանք ու եռանդ չեմ խնայի, ես կներդնեմ իմ ողջ ներուժը, իմ գիտելիքները մեր երկրում այս խնդիրների լուծման ապահովման համար», - ասաց նա։
Նշենք, որ Հրայր Թովմասյանն առաջադրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու. Թովմասյանին ՍԴ անդամի թեկնածուի պաշտոնում ներկայացրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։