07/03/2018 16:58
Միշտ ցանկացել եմ հանդես գալ նման ձևաչափով. Արման Մարգարյանը Առաջինի եթերում կլինի նոր նախագծով
Մարտի 10-ից Առաջին ալիքի եթերում կմեկնարկի «Վինիլ» երաժշտական-ժամանցային հաղորդումը, որի միջոցով հաղորդավար Արման Մարգարյանը հեռուստադիտողին կներկայացնի աշխարհի տաղանդավոր երաժիշտներին, ինչպես նաև այն հայերին, ովքեր իրենց գործունեությամբ ուրույն ներդրում են ունեցել երաժշտության բնագավառում:
«Քանի որ ինքս երաժշտասեր եմ, միշտ ցանկացել եմ հանդես գալ նման ձևաչափով և ներկայացնել հեռուստադիտողին այս ոլորտի նորություններն ու հետաքրքիր պատմությունները: Անհամբեր սպասում եմ հեռուստադիտողների արձագանքին», - նկատեց Արման Մարգարյանը:
Հաղորդման ընթացքում անդրադարձ կկատարվի նաև Հայաստանում տեղի ունեցող երաժշտական իրադարձություններին, աշխարհի լավագույն երաժշտական փառատոններին և համերգներին:
Նորովի հանդես կգան արդեն հայտնի և սիրված արտիստները, իսկ երիտասարդ ստեղծագործողները հնարավորություն կունենան ելույթ ունենալ հեռուտադիտողների առջև:
Հաղորդման ընթացքում տեղի ունեցած բոլոր կատարումները լինելու են բացառապես կենդանի հնչողությամբ: