07/03/2018 13:20
Թամարա Գվերդցիթելին մենահամերգով հանդես կգա Երևանում
Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի, երգահան և դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Թամարա Գվերդցիթելին՝ ապրիլի 12-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա յուրօրինակ մենահամերգով, տեղեկացնում են Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:
Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել երգչուհու կատարումները կենդանի հնչողությամբ՝ իր նվագախմբի նվագակցությամբ:
Թամարա Գվերդցիթելիի հրաշալի և հզոր ձայնը, ինչպես նաև երգացանկը (վրացական, ռուսական, հայկական, ֆրանսիական և այլն) ընդունվել և սիրվել է հայ հանդիսատեսի կողմից: Երգչուհին հատուկ կարևորություն է տալիս հենց համերգային գործունեությանը և նրա համերգներն միշտ առանձնանում են իմպրովիզացիոն հզոր հնարքներով:
1987 թվականից սկսած՝ ընդգրկվել է տարբեր մրցանակաբաշխություններում ու մրցույթներում՝ որպես ժյուրիի անդամ։
1991 թվականին Թամարա Գվերդցիթելին հրավիրվում է Փարիզ, որտեղ ծանոթանում է հայազգի կոմպոզիտոր Միշել Լեգրանի և Ժան Դրեժակի հետ։ Թամարա Գվերդցիթելին ելույթ է ունեցել նաև Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում:
Միշել Լեգրանը նրան հանդիսատեսին ներկայացնում է այս խոսքերով՝ «Փարի՛զ, հիշիր այս անունը»: Համերգային հանդիպումները շարունակվում են նաև հետագայում:
2006 թվականին Միշել Լեգրանը և Թամարա Գվերդցիթելին ելույթ են ունենում մեծ բեմերում ՝ «The Umbrellas Of Cherbourg» և «Yentl Medley» կատարումներով:
Թամարա Գվերդցիթելին երգերը կատարում է ավելի քան տասը լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն և այլն: Նրա երգացանկը նաև հարուստ է Առնո Բաբաջյանի ստեղծագործություններով: