09/03/2018 14:42
Երբ գրկում եմ աղջկաս, լսում նրա շնչառությունը, սիրուց շունչս կտրվում է. Դավիթ Մարդյանը՝ դստեր անվան ընտրության ու նոր զգացողությունների մասին. լուսանկարներ
Դերասան Դավիթ Մարդյանն, ով այս ընթացքում նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Նռան հատիկ» հեռուստասերիալում՝ Գոգայի կերպարում, դուստր է ունեցել: Թեև երիտասարդ ամուսինների առաջնեկը լույս աշխարհ է եկել 2017 թվականի դեկտեմբերի 18-ին, սակայն անձնական կյանքը չհանրայնացնող դերասանին հաջողվել է իր կյանքի այս իրադարձությունը ևս գաղտնի պահել:
Aysor.am-ի հետ նորաթուխ հայրիկը փոքր-ինչ անկեղծացավ երեխայի ծնունդի, անվան ընտրության ու նոր զգացողությունների մասին:
«Մենք աղջիկ ենք ունեցել, ու երկուսիս ընտությամբ՝ անունը Նոեմի ենք դրել: Աստվածաշնչյան անուն է, որը նշանակում է կյանք բերող: Չէ՞ որ մեր աղջիկն էլ իր հետ նոր կյանք է բերել: Ի դեպ, ինձ համար որևէ նշանակություն չուներ՝ առաջնեկս աղջիկ, թե տղա կլինի: Բոլոր դեպքերում էլ՝ նա իմ մասնիկն է», - նշեց դերասանը:
Ծնողներն արդեն իսկ մտածում են փոքրիկ Նոեմիին մկրտելու մասին, նույնիսկ որոշել են, թե որ եկեղեցում այն տեղի կունենա: Այս հարցում միակ բացը ժամկետի ու կնքահոր ընտրությունն է. ե՞րբ և ո՞ւմ քավորությամբ՝ առաջիկայում կորոշեն:
Հարցին՝ արդյոք ծնողները դժվարություններ չեն ունենում իրենց առաջնեկին խնամելու հարցում, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Դա այնպիսի հարց է, որ չկարողանալ չկա, պե՛տք է հասցնել: Դեռևս դժվարություններ ու օգնության կարիք չենք ունենում, բայց եթե դրա անհրաժեշտությունն ունենանք, մայրս առաջին օգնականը կլինի: Եվ հետո, երբ կինս օգնության կարիք է ունենում, օրվա որ ժամին էլ լինի՝ ես պատրաստ եմ նրանց կողքին լինել: Օգնություն չեմ համարում, որպես հայր՝ դա նաև իմ պարտականությունն է»:
Անդրադառնալով իր համար մինչ այս անծանոթ զգացողությանը՝ Դավիթը խոստովանեց.
«Երբ գրկում եմ աղջկաս, լսում նրա շնչառությունը, ու նույնիսկ երբ նայում եմ նրան, սիրուց շունչս կտրվում է: Նրա ծնունդից հետո շա՜տ բան է փոխվել իմ կյանքում, ես կասեի՝ ամեն ինչ»:
Այս ընթացքում սերիալում նկարահանվող դերասանին գործունեությունը չի խանգարում: Նկատում է՝ զբաղվածությունը մեծ չէ ու երեխայի հետ բավական ժամանակ է անցկացնում:
Դավիթ Մարդյանը զրույցի վերջում կանանց գարնանային տոնի կապակցությամբ իր մայրիկի, կնոջ ու դստրիկի գլխավորությամբ շնորհավորանքներ հղեց գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին: Չանտեսեց նաև ընկեր-գործընկերներին:
«Օրերս տեղեկացա, որ պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանն ու դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, նաև տարբեր բնագավառների մի խումբ կանայք ՀՀ նախագահի կողմից խրախուսական մրցանակների ու պարգևների են արժանացել: Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, ու ցանկանում, որ բոլորիս կանայք, մայրերն ու դուստրերը երջանիկ լինեն, սիրված ու գնահատված», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: