10/03/2018 15:37
CIPDH-ի տեքստը Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության է նման, իսկ Ասկերովի և Գուլիևի պահման պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին. Ռուբեն Մելիքյան
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների մասին լավ պատկերացում ունենալով` Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն առաջին անգամ է լսում International Human Rights Defence committee (CIPDH) անվանումով կազմակերպության մասին, որը կասկածելի բովանդակությամբ հայտարարություն է տարածել Արցախում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի վերաբերյալ:
«Ուսումնասիրելով այդ կազմակերպության կայքը` ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մարդու իրավունքների հետ առնչությունը բացառապես իրենց անվանման մեջ է, դա վերաբերում է նաև տարածած հայտարարության տեքստին: Այն կարդալիս ինձ մոտ մի պահ տպավորություն ստեղծվեց, որ ադրբեջանական արտաքին գործերի նախարարության հայտարարությունն է, ստիպված եղա ստուգել` արդյոք ես սխալ տեքստ չեմ կարդում», - ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանն` ընդգծելով, որ վերոնշյալից բացի այդ տեքստում վկայակոչված պնդումները չփաստարկված ենթադրություններ են և բերված են ոչ թե առաջնային, այլ երրորդական, չորրորդական աղբյուրներից։
Ինչ վերաբերում է Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի պահման պայմաններին, Ռուբեն Մելիքյանի խոքով, ինքն այս դատապարտյալներին այցելում է այնպես, ինչպես և Շուշիի քրեակատարողական հիմնարկում պահվող ազատազրկման դատապարտված մյուս անձանց:
«Ես այդ մասին հայտարարություններ արել եմ և հիմա կարող եմ կրկնել այն, ինչ հրապարակավ ասել եմ նաև նախկինում: Նրանց պահման պայմանները սկզբունքորեն համապատասխանում են միջազգային չափանիշներին և վատ վերաբերմունքի դրսևորումներ տվյալ դատապարտյալների նկատմամբ չեն արձանագրվել: Ավելին` իրենց առանձնահատկությունները (նկատի ունի ազգությունը- հեղ.) հաշվի առնելով որոշակի լրացուցիչ միջոցներն էլ են ձեռնարկվել: Մասնավորապես, անցյալ տարվանից իրենք հնարավորություն են ստացել ազգականների, հարազատների հետ տեսաուղերձներ փոխանակել, ինչպես նաև ՔԿՀ գրադարանը համալրվել է ադրբեջաներենով որոշակի գրականությամբ», - ասաց Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ 2014թ.-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով՝ սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով։
Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելով՝ զենքի գործադրմամբ, ինչպես նաև ուրիշին պատկանող գույքի գաղտնի հափշտակման մեջ։
Դիլհամ Ասկերովի, Շահբազ Գուլիևի և նրանց խմբի երրորդ անդամ Հասան Հասանովի (սպանվել է զինված խմբի վնասազերծման ժամանակ-հեղ.) գործողությունների հետևանքով սպանվել էր Քարվաճառի բնակիչ 17-ամյա Սմբատ Ցականյանը, զինված ուժերի մայոր Սարգիս Աբրահամյանը, ծանր վիրավորում էր ստացել քաղաքացի Կարինե Դավթյանը:
2015թ.-ին Վճռաբեկ դատարանն ամփոփոխ էր թողել վերանշյալ դատավճիռը: