12/03/2018 17:59
Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում. Էդուարդ Շարմազանովը՝ մոլդովացի խորհրդարանականներին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին ընդունել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկին և խորհրդարանի արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովին և նրանց ուղեկցող անձանց:
Կողմերը կարևորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ դեռևս 14-րդ դարի կեսերից հայկական համայնքը լուրջ դերակատարում է ունեցել Մոլդովայում: Նա դրական է գնահատել Մոլդովայի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների արտաքին հարաբերությունների գերակա ուղղություններին, կարևորել այս հարթակում փորձի փոխանակումն ու փոխշահավետ համագործակցությունը: «Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը համագործակցության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ: Կա լավ հնարավորություն լինել կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային սառեցված համակարտություններին:
Էդուարդ Շարմազանովը նշել է. «Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում: Ոչ մի պատերազմ չի լուծում խնդիրները» և հավելել, որ դրանք անհրաժեշտ է կարգավորել փոխզիջման ճանապարհով՝ հիմնված միջազգային երեք հիմնարար սկզբունքների վրա: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է ադրբեջանական և թուրքական ռազմատենչ հռետորաբանության անթույլատրելիությունը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել Հայաստան այցելելու հնարավորության համար և նույնպես կարևորել փոխշահավետ համագործակցության խորացումը տարբեր հարթակներում: Մոլդովացի խորհրդարանականները ներկայացրել են Եվրամիության հետ Մոլդովայի համագործակցությունն ու օրենսդրության ներդաշնակեցման փուլերը: