12/03/2018 21:46
Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը, Aysor.am-ի թղթակցին ասաց ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։
Նա հիշեցրեց, որ ԱԺ նախագահի այսօր ստորագրած արձանագրության համաձայն՝ մարտի 8-ից դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։
Aysor.am-ի հարցին, արդյոք կան ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրումներ, Ա.Բաբայանն ասաց. «ԱԺ նախագահը ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրել է Հ.Թովմասյանի թեկնածությունը, որի քվեարկությունը տեղի կունենա առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում»։
Նշենք, որ խորհրդարանի հերթական նիստերը կանցկացվեն մարտի 20-ից 23-ը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ խորհրդարանը մարտի 2-ին անցկացրել է ՍԴ անդամի թեկնածուի ընտրություններ։ Միակ ներկայացված թեկնածուն Հրայր Թովմասյանն էր։
Նախքան այդ Հրայր Թովմասյանը հրաժարական էր ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։