14/03/2018 12:14
Անթույլատրելի է․Դավիթ Հարությունյանը «Լավ երեկո»-ի ռեպորտաժի շուրջ լուրջ քննարկում կունենա Հ1-ի ղեկավարության հետ
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում կանանց քրեակատարողական հիմնարկում նկարահանված «Լավ երեկո» հաղորդման ռեպորտաժը, որը բուռն քննարկման թեմա է դարձել։
«Կարծում եմ, որ դա անթույլատրելի է, ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով և շատ լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ, որովհետև սա առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի է ունեցել Հ1-ի կողմից։ Մենք դա քննարկման առարկա կդարձնենք», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։
Դիտարկմանը, թե 2000 թվականին, երբ ինքն արդարադատության նախարար էր, ՔԿՀ-ներ մուտքը, համեմատաբար, ազատ էր, հիմա ինչո՞ւ են խոչընդոտներ ստեղծվում լրագրողների համար, արդարադատութան նախարարը պատասխանեց.
«Որովհետև այն ժամանակ սահմանափակ էր այն անձնանց թիվը, ովքեր ներկայանում էին լրագրող, եթե հիշում եք, այն ժամանակ գործում էր այլ կանոնակարգ։ Այսօր յուրաքանչյուր անձ իր կրծքից կախում է բեյջ, օրինակ՝ անունը դնում elak.am կայքի լրագրող, ներկայանում է և ասում՝ խնդրում եմ, թույլ տվեք ես մուտք գործեմ ՔԿՀ, իսկ ՔԿՀ-ն հանգստյան վայր չէ, կալանավայր է, հատուկ ռեժիմային գոտի և պահանջում է նաև հատուկ վերաբերմունք», - նշեց նախարարը։