14/03/2018 21:54
Էթիկայի նորմերի խախտման պատճառով «Լավ երեկո» հաղորդման ստեղծագործական խումբը նկատողություն է ստացել
Հանրային հեռուստաընկերությունը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ քննարկում է ունեցել «Լավ երեկո» հաղորդման ռեպորտաժի վերաբերյալ, որը բուռն քննարկման թեմա է դարձել։
«Հանրային հեռուստաընկերությունն այս թեմայով, իհարկե, ունեցել է քննարկում նախարարի հետ։ Ցավում ենք, որ մեր ստեղծագործական խմբի՝ առանց ենթատեքստի արած նյութը, հումորային կոնտեքստից վերածվել է նման խնդրի և հասարակության որոշ շրջանակների մոտ դժգոհություն է առաջացրել: Հավատացնում ենք, որ ստեղծագործական խումբը որևէ մեկին վիրավորելու միտում չի ունեցել», - Aysor.am-ին ասացին Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապի բաժնից։
«Իսկ էթիկայի նորմերի խախտման պատճառով, «Լավ երեկո» ժամանցային հաղորդման ստեղծագործական խումբը նկատողություն է ստացել: Տեղեկացնում ենք նաև, որ թողարկումը հանվել է թե ՛ Յութուբյան էջից, թե ՛մեր պաշտոնական կայքից», - նշեցին Հանրայինում։
Հիշեցնենք, որ քննադատության առարկա էր դարձել մարտի 8-ի կապակցությամբ «Լավ երեկո» հաղորդման լրագրող Արուս Տիգրանյանի պատրաստած ռեպորտաժը «Աբովյան» ՔԿՀ-ից (կանանց գաղութ):
Այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում կանանց քրեակատարողական հիմնարկում նկարահանված «Լավ երեկո» հաղորդման ռեպորտաժը։