15/03/2018 11:34
Բակո Սահակյանը Վաշինգտոնում հանդիպել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի ղեկավար կազմի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտե (ԱՀԱԿ), հանդիպել կառույցի ղեկավար կազմի և աշխատակիցների հետ, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել ԱՀԱԿ-ի աշխատանքը ազգային տարբեր խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին վերաբերող հարցերը մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում պահելու համար:
Արցախի նախագահը վստահություն է հայտնել, որ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի հետ սերտ փոխգործակցությունը միմիայն կամրապնդվի՝ օրինակելի որակելով կազմակերպության ազգանվեր գործունեությունը:
Նույն օրը Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ղեկավար կազմի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Արցախի ղեկավարը բարձր է գնահատել ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կառույցի գործունեությունը՝ ուղղված Արցախին սատարմանը, համազգային կարևորագույն խնդիրների լուծմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը` հույս հայտնելով, որ ապագայում ևս աշխատանքները կշարունակվեն նույն եռանդով և արդյունավետությամբ: