15/03/2018 13:48
Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկը վիրավորվել է իրենց փոխարեն. «Լավ երեկո»-ի Արուսիկ Տիգրանյանը ներողություն է խնդրում
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» ժամանցային հաղորդման լրագրող Արուսիկ Տիգրանյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով մարտի 8-յան ռեպորտաժի համար ներողություն է խնդրել հանրությունից:
«Սիրելիներս, չեմ պատկերացրել, որ նման մեծ ռեզոնանս կարող էր ունենալ քրեակատարողական հիմնարկին իմ անդրադարձը: Այո՛, մեր հաղորդումը հումորային է, և բնավ միտում չեմ ունեցել վիրավորելու որևէ մեկին, և չենք նկարել որևէ մեկին՝ առանց իրենց ցանկության կամ մոլորեցնելու միջոցով, ավելին՝ ովքեր ցանկացել են դեմքը թաքցնել, անպայմանորեն հաշվի ենք առել:
Ինձ հետ զրուցած կանայք շատ լավ ծանոթ էին թէ՛ հաղորդմանը, թե՛ ինձ, թե՛ իմ տեսանյութերին, և ինչպես իրենք նշեցին՝ Շնորհակալ ենք, որ մեզ լավ առիթներով եք հիշել, մեր օրը տոն եք դարձրել:
Իրենց հետ շփվելով՝ վստահ եմ, որ նրանցից ոչ ոքի չեմ վիրավորել, սակայն ներողություն եմ խնդրում, եթե ինչ֊որ մեկը վիրավորվել է իրենց փոխարեն։
Իմ ցանկությունն էր հավասար հարթության վրա ցույց տալ այն անձանց, ում գրեթե չենք անդրադառնում, և ցույց տալ, որ իրենք էլ կարող են բոլորի պես մասնակցել ուրախ, թեթև տեսանյութերի», - գրել է նա:
Ներողությունների շարքը սկսել է դեռ երեկ. ստեղծագործական խմբից համացանցի իր տիրույթում ներողությամբ է հանդես եկել նաև նույն հաղորդման հաղորդավար Արամ MP3-ը: Ի դեպ, ներողությունների «մեկնարկը» սկսվել է միայն այն ամենից հետո, երբ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդիպել ու թեման քննարկել է Հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմի հետ:
Հիշեցնենք, որ քննադատության առարկա էր դարձել մարտի 8-ի կապակցությամբ «Լավ երեկո» հաղորդման լրագրող Արուսիկ Տիգրանյանի պատրաստած ռեպորտաժը «Աբովյան» ՔԿՀ-ից (կանանց գաղութ): Թեև, քննարդատության առանցքում այդ օրվա «Լավ երեկո»-ի ամբողջ թողարկումն էր: