16/03/2018 16:31
Գեղեցիկ սեռի հետ միշտ էլ մի փոքր բարդ է. երգիչ Գոշը՝ գործունեության, անձնականի, հիասթափությունների և ձեռքբերումների մասին
Երիտասարդ դերասան, երգիչ Գոշին ճանաչում բերեց «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուլ հաուս» սիթքոմում մարմնավորած իր իսկ անվանակից հերոսը: Առաջին դերասանական քննությունը գերազանց էր. հաջորդեց «Ոսկե դպրոց»-ը՝ Դավիթի կերպարով: Զուգահեռ նկարահանումներին՝ 21-ամյա դերասանը նաև երգարվեստով է զբաղվում՝ փորձելով դեռևս հավասար քայլերով առաջ շարժվել:
Aysor.am-ի հետ զրույցում Գոշը խոսել է ոչ միայն գործունեությունից, այլև՝ անձնական կյանքից, ձեռքբերումներից ու հիասթափություններից:
- Ընդամենը մեկ տարի է, որ շոու բիզնեսի ասպարեզում եք, բայց արդեն բավական մեծ ճանաչում ու սեր եք վայելում: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է օգնել այդ հարցում՝ տաղա՞նդը, թե՞ անձնական հմայքը:
- Չեմ ցանկանա առանձնացնել այս երկու հատկանիշները: Իհարկե, հաճելի է, երբ համակրելի է թվում իմ արտաքինը, բայց, կարծում եմ, որ թե՛ իմ ունեցած տաղանդը, թե՛ իմ արտաքին տեսքը ներդրում ունեն իմ ճանաչման գործում: Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշեմ, որ շատ եմ կարևորում, որ բեմի, առհասարակ, որոշակի հայտնիություն ունեցող մարդու և հանդիսատեսի, հեռուստադիտողի միջև լինի անկեղծություն, որը նկատելի կլինի էկրանից այն կողմ: Պետք է կարողանալ այնպես անել, որ հեռուստադիտողը, անձամբ չճանաչելով քեզ, հավատա քո մարմնավորած կերպարին:
- Հանրությունը Ձեզ ճանաչում է երկու երգով և երկու սիթքոմով: Դեռևս դերերը հավասար եք բաշխել, բայց ո՞րն է Ձեր իրական կոչումն ու հետաքրքրությունը:
- Թեև շատ պատասխանատու եմ մոտենում իմ դերասանական գործունեությանը և անդադար փորձում եմ ավելի մասնագիտանալ, բայց ինձ համար առաջնային են երգը և երաժշտությունը: Ի սկզբանե հենց այս ասպարեզում եմ ինձ պատկերացրել և հպարտ եմ, որ հստակ քայլերով կարողանում եմ առաջ գնալ: Թերևս, ապացույցն էլ այն է, որ ընդամենը որոշ ժամանակ առաջ կայացավ իմ հանդիպումը Instagram-ի իմ Fan ակումբների ներկայացուցիչների հետ, որն ինձ համար շատ կարևոր էր և պատասխանատու: Ինչ-որ առումով նաև ռիսկային քայլ էր, որը հաջողություն գրանցեց:
- Որքան գիտեմ՝ սովորում եք Ամերիկյան համալսարանի «Բիզնեսի կառավարում» բաժնում, ուժերը փորձել եք նաև սպորտի բնագավառում (բազկամարտ սպորտաձևում` 2016 թվականի հաղթող, կարատե (Docando) սպորտաձևում՝ շագանակագույն գոտի` հեղ.), այնուհետև՝ բեմ ու էկրան: Այս բոլորը միմյանց չե՞ն խանգարում:
- Այո, ճիշտ եք, ներկայումս մասնագիտանում եմ նաև այդ ոլորտում: Գուցե համալսարանն ինձանից շատ ժամանակ է խլում, բայց այդ փաստը չի կարող ինձ համար խոչընդոտ լինել, որ մյուս մասնագիտություններիս անհրաժեշտ ժամանակ չհատկացնեմ: Իսկ ինչ վերաբերում է սպորտին, ապա, կարծում եմ, դա երբեք չպետք է խանգարի, հակառակը` առողջ ապրելակերպը նպաստում է ուղեղի լավ աշխատանքին, հետևաբար` քայլերդ էլ ճիշտ ես կատարում:
- Գոշն այնքան էլ տարածված անուն չէ: Սա Ձեր անձնագրայի՞ն, թե՞ բեմական անունն է:
- Գոշն իմ անձնագրային անունն է (ժպտում է՝ հեղ.):
- Կպատմե՞ք առաջիկա ծրագրերի մասին՝ նոր կերպար, կամ նոր երգ…
- Արդեն իսկ մեկնարկել է «Ոսկե դպրոց» սիթքոմի 2-րդ եթերաշրջանը, ինչպես նաև շուտով պատրաստվում եմ ներկայացնել իմ նոր ստեղծագործությունը և տեսահոլովակը: Այն սիրային, մեղեդային երգ է: Չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել, բայց մեծ հույս ունեմ, որ այն կսիրվի հանդիսատեսի կողմից և կարժանանա իմ նախորդ՝ «Կինն ու գինին» տեսահոլովակի «բախտին», քանի որ դրա հետ կապված դրական արձագանքներ լսում եմ մինչ այսօր: Բայց ասեմ, որ հաշվի եմ առնում նաև առողջ քննադատությունները:
- Ի դեպ, հաճա՞խ եք տրվում կնոջ ու գինու գայթակղությանը:
- (Ծիծաղում է՝ հեղ.) բարեբախտաբար, գինու հետ կապված փորձությունների չեմ ենթարկվել, իսկ ինչ վերաբերվում է կանանց, ապա, իհարկե, գեղեցիկ սեռի հետ միշտ էլ մի փոքր բարդ է: Բայց, ինչ խոսք, առանց նրանց էլ՝ անհնար։ Կարծում եմ, որ իմ պարագայում կանանց առնչվող գլխավոր «գայթակղություններ»-ն առջևում են։
- Դրանից կարելի է հետևություն անել, որ Ձեր սիրտն ու միտքը որևէ մեկով զբաղված չե՞ն, երկրպագուհիները կարող են հանգի՞ստ լինել:
- (ժպտում է՝ հեղ.) չգիտեմ` իմ պատասխանը շատերի համար որքանով հիասթափեցնող կամ ուրախացնող կլինի, բայց կասեմ` ո՛չ, սիրտս դեռևս զբաղված չէ: Այս պահին ուշադրությունս կենտրոնացած է միայն աշխատանքիս վրա:
- Սովորաբար, բեմի մարդիկ նախընտրում են, որ իրենց կողակիցները նույն բնագավառից չլինեն: Ձեզ համար կարևո՞ր այդ հանգամանքը:
- Կարծում եմ՝ սխալ է ի սկզբանե սահմանփակումներ դնել, կյանքը ցույց կտա, թե ինչպես կլինի իմ պարագայում: Ոչինչ չեմ բացառում, մանավանդ այն դեպքում, որ որպես կանոն` միշտ հակառակն է լինում: Եթե իսկապես սիրեմ, ասպարեզը կդառնա երկրորդական:
- Ի՞նչ որակներ, հատկություններ եք կարևորում դիմացինի մեջ:
- 21-րդ դարում ձևականությունները, դիմացինին որևէ բան ապացուցելը, կեղծ լինելը ամենամեծ խնդիրներից են: Ես սիրում եմ անկեղծ մարդկանց, ովքեր հնարավորինս քիչ են խաղում:
- Այսինքն՝ կյանքում «խաղն», ամեն դեպքում, նորմա՞լ է:
- Դե, օգտագործում եմ «հնարավորինս» բառը, որովհետև հասկանում եմ, որ կյանքն, այնուամենայնիվ, իր օրենքներն է թելադրում (ժպտում է՝ հեղ.):
- Կրկին վերադառնալով գործունեությանը, կցանկանայի իմանալ՝ չե՞ք մտածում դուետով հանդես գալու մասին: Կա՞ արտիստ, ում հետ կցանկանայիք համագործակցել:
- Ասեմ, որ նման մտահղացում կա, և որոշակի քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են այդ ուղղությամբ: Բայց թե կոնկրետ ում հետ եմ ցանկանում հանդես գալ զուգերգով, դեռ չեմ ցանկանում բարձրաձայնել: Կասեմ միայն, որ խոսքը վերաբերում է ազգությամբ ոչ հայ հայտնի երգչի:
- Ամեն դեպքում, հայ երաժշտական ու դերասանական աշխարհում ո՞ւմ գործունեությունն եք առավել գնահատում, ո՞ւմ եք հետևում:
- Որքան էլ որ ծեծված միտք է, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ որևէ մեկին առանձնացնելու դեպքում կա մյուսին նեղացնելու վտանգը: Թույլ տվեք այս հարցում որևէ մեկին չառանձնացնեմ, թեպետ, իհարկե, կան մարդիկ, ում տաղանդով հիանում եմ, ինչո՞ւ ոչ` նաև սովորում նրանցից:
- Գոշ, երգիչներն ու դերասանները Հայաստանում բարձր չեն վարձատրվում, ու նկատելի է, որ շատերն այս ասպարեզն ընտրում են ճանաչում ձեռքբերելու ու հարսանիքներում երգելու և թամադայություն անելու համար: Նման առաջարկներ երբևէ ստացե՞լ եք, թե՞ Ձեզ բավարարում է այն եկամուտը, որն ունեք:
- Նախ ասեմ, որ առաջարկվող հոնորարը, հատկապես դերասանական գործունեությանս մեջ, ինձ համար այդքան էլ կարևոր չէ: Ես առաջնային ուշադրություն եմ դարձնում այն կերպարին, որը պետք է մարմնավորեմ: Եթե ես իմ և նրա մեջ որոշակի ընդհանրություններ եմ տեսնում, հասկանում եմ, որ կարող եմ կերտել այդ կերպարն այնպես, ինչպես որ հարկն է, հոնորարն արդեն ոչ մի դեր չի կարող խաղալ որոշմանս մեջ… Գիտեք, ինձ համար տխրեցնող փաստ է այն, որ այսօր շատ հայտնի, երկար տարիների փորձ ունեցող դերասաններ, բավարար գումար չունենալու պատճառով, հանդես են գալիս որպես հանդիսավար:
Ինչ վերաբերում է երգարվեստին, ապա երգչի կամ երգչուհու համար գումարի հիմնական աղբյուրը կոմերցիոն միջոցառումներն են: Հատկապես Հայաստանի դեպքում սա նորմալ երևույթ եմ համարում, քանի որ գաղտնիք չէ, որ մեզ մոտ հաճախակի չեն կազմակերպվում համերգներ, մենահամերգներ և այլն: Ես էլ, իհարկե, արդեն փորձ ունեցել եմ մասնակցելու կոմերցիոն միջոցառման, որն ինձ համար հաճելի էր թե՛ փորձի առումով, թե՛ ֆինանսական տեսանկյունից:
- Այսօր տարածված տենդենց է՝ որպես արտիստ փոքր-ինչ հասունանալուց ու կայանալուց հետո երիտասարդներն իրենց մասնագիտական ապագան փնտրում են դրսում: Այդ ուղղությամբ մտածո՞ւմ եք:
- Ինչպես գրեթե բոլոր արտիստները, այնպես էլ ես, այո, մտածում եմ: Կարծում եմ՝ կյանքումս գալու է մի շրջան, երբ ես կապրեմ և գործունեություն կծավալեմ արտերկրում, քանի որ այն ավելի լայն հորիզոններ է բացում ցանկացած երգչի առջև: Բայց սա բնավ չի նշանակում, որ պատրաստվում եմ լքել իմ հայրենիքը: Որքան էլ որ բացակայեմ, ուր էլ որ լինեմ, միևնույն է՝ վերջում վերադառնալու եմ հենց Հայաստան, որտեղ սկսել եմ իմ ճանապարհը և ներկայումս հստակ քայլերով փորձում եմ առաջ քայլել:
- Էկրաններից թվում եք թեթև բնավորությամբ, կենսախինդ երիտասարդ: Իրականում ինչպիսի՞ն է Գոշը:
- Եթե խոսքը վերաբերում է «Ոսկե դպրոց»-ում մարմնավորած իմ կերպարին՝ Դավիթին, ապա հնարավոր է, որ նա ես եմ՝ տարիներ առաջ: Ի տարբերություն ներկայիս Գոշի՝ Դավիթը համեստ և միամիտ տղա է, իսկ ես այդպիսին չեմ: Կյանքում շատ ավելի կենսախինդ և աշխույժ եմ: Երբեք չեմ սիրել ու չեմ սիրում ժամանակս անիմաստ վատնել՝ չնայած զբաղվածությանս և ծանրաբեռնվածությանս:
- Ինչպիսի՞ մարդկանց հետ եք կարողանում ընկերանալ, ովքե՞ր են Ձեր ընկերները:
- Ընդհանրապես, շատ հեշտ եմ շփվում մարդկանց հետ, սակայն, իհարկե, ընկերներ բոլորին չեմ կարող համարել: Ընկերության դեպքում կարևորում եմ տարիները, որոնք միասին անցնում ենք: Ես վաղեմի ընկերներ ունեմ, մարդիկ, ովքեր կողքիս են եղել և՛ իմ կյանքի բարդ փուլերում, և՛, իհարկե, ուրախացել են իմ հաջողություններով: Նաև շատ ուրախ եմ, որ աշխատանքս ինձ շատ մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն է տալիս: Այդ շփումն էլ հաճախ նոր ընկերության սկիզբ է դառնում:
- Կա՞ մի բան, որը երբեք դիմացինին չեք ների:
- Կարողանում եմ ներել, բայց վերաբերվել նախկինի նման` երբեք: Ես շատ արագ եմ հիասթափվում, սակայն հնարավոր է` ցույց չտամ: Թիկունքից ստացել և ստանում եմ հարվածներ, կյանքն է այդպիսին (ժպտում է՝ հեղ.):
- Թեև Ձեր երիտասարդ տարիքին՝ ունե՞ք կյանքում մեծ հիասթափությունը, կորուստներ: Իհարկե, նաև ձեռքբերումներ:
- Թե՛ ամենամեծ ձեռբերումը, թե՛ ամենամեծ հիասթափությունը շոու բիզնեսն է, սակայն չակերտները չբացեմ (ժպտում է՝ հեղ.):
- Հանրային ճանաչում ունեցող մարդկանց ընտանիքները ևս հանրության հետաքրքրության կիզակետում են: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
- Ապրում եմ մորս և եղբորս հետ, մենք անբաժան ընկերներ ենք: Այլ մանրամասներ չեմ ցանկանում նշել, քանի որ նրանք հանրային մարդիկ չեն և ոչ էլ ցանկանում են լինել այդպիսին…