16/03/2018 10:39
Բակո Սահակյանը արժևորել է ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների դերակատարությունը Արցախի միջազգային ճանաչման գործում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ, տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Քննարկվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանն ըգծել է, որ Արցախում մշտապես զգում են Ամերիկայի հայկական համայնքի ներգրավածությունը երկրի կյանքում, որի անմիջական մասնակցությամբ Արցախի հանրապետությունում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:
Բակո Սահակյանը նաև արժևորել է ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների դերակատարությունը Արցախի միջազգային ճանաչման և մեր երկիրն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում:
Երկրի ղեկավարը պարգևատրել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: