16/03/2018 11:09
Ամերիկացի գիտնականների հետ հանդիպմանը Բակո Սահակյանը անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին
Մարտի 15-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Ազգային շահերի կենտրոն, հանդիպում ունեցել ամերիկացի մի խումբ գիտնականների ու փորձագետների հետ և հանդես եկել ելույթով, տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին:
Նախագահը կարևոր և օգտակար է համարել նման հանդիպումներն ու քննարկումները, նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս անմիջականորեն ծանոթանալու իրավիճակին և չեզոքացնելու դրան խոչընդոտող կարծրատիպերը:
«Ուզում եմ ընդգծել, որ մենք շահագրգռված ենք կայուն կապ հաստատելու առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ, մշտապես խորացնելու և ընդլայնելու այն, ինչը դիտարկում ենք որպես միջազգային միտումներն ավելի լավ ըմբռնելու եւ հասկանալու, ինչպես նաև մեր երկրում գիտավերլուծական միտքը զարգացնելու կարևոր ուղղություններից», - ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը:
Հանդիպման վերջում Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին: