16/03/2018 18:08
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է Կաննի փառատոնի կինոշուկային մասնակցության մրցույթ
Մայիսի 8-19-ը կանցկացվի Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը, որի շրջանակում կգործի միջազգային կինոշուկա:
Կինոռեժիսորների և ֆիլմարտադրող ընկերությունների մասնակցությունն այս կարևոր միջոցառմանն ապահովելու համար ՀՀ մշակույթի նախարարությունը կինոշուկային կմասնակցի պաշտոնական տաղավարով, ուստի հայաստանյան գործող կինոարտադրողներին և պրոդյուսերներին հրավիրում է իրենց նախագծերով և ծրագրերով հայկական տաղավարի կազմում մասնակցելու կինոշուկային:
Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկվելու համար հայտարարվում է մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիներ` կինոռեժիսոր, պրոդյուսեր, պայմանով, որ ֆիլմի/նախագծի իրավատերը ՀՀ քաղաքացի է կամ իրավատեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում:
Մասնակցության կարգը և հայտաձևը տեղադրված են նախարարության պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հասեցով.
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. ապրիլի 3-ն է:
Լրացված հայտերն անհրաժեշտ է ուղարկել և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության մասնագետ Գուժ Թադևոսյանին ( էլ. փոստ` [email protected], հեռախոս` 011-51-93-06):
Անկախ մրցույթի արդյունքից, ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստակամ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթում չհաղթած կինոնախագծերը, եթե հեղինակները տրամադրեն համապատասխան նյութերը:
Մասնակցության կարգը
Մրցույթն անցկացվելու է երկու անվանակարգում.
1. 2017-18 թթ. ավարտված, միջազգային կինոշուկայում վաճառվելու պոտենցիալ ունեցող խաղարկային, ոչ խաղարկային, անիմացիոն կինոֆիլմեր:
Նախապատվությունը տրվելու է այն ֆիլմերին, որոնց իրավատերերն արդեն վարել են բանակցություններ ֆիլմի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ և ունեն համագործակցությունը հաստատող փաստաթղթեր` LOI, Memo Deal, Agreement:
2. 2018-19 թթ. ավարտվող, այս պահին արտադրության որևէ փուլում գտնվող, համատեղ արտադրության պոտենցիալ ունեցող խաղարկային, ոչ խաղարկային, անիմացիոն կինոնախագծեր:
Նախապատվությունը տրվելու է այն կինոնախագծերին, որոնց իրավատերերը արդեն վարել են բանակցություններ և ունեն համագործակցությունը հաստատող, համատեղ արտադրության փաստաթղթեր` LOI, Memo Deal, Co-production Agreement:
Նշված երկու անվանակարգերի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիներ` ռեժիսոր, պրոդյուսեր, պայմանով, որ ֆիլմի/նախագծի իրավատերը ՀՀ քաղաքացի է կամ իրավատեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում:
Մրցույթի արդյունքներն ամփոփվելու է ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվող մասնագիտական հանձնաժողովի կողմից:
Մրցույթի արդյունքում հաղթած 3 մասնակիցները կապահովվեն տաղավարով, ակրեդիտացիայով, Երևան-Նիցցա-Երևան ավիատոմսով, Նիցցա-Կանն-Նիցցա ուղևորափոխադրումով:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Մասնակցության հայտ,
- Անձնագրի պատճենը,
-Ֆիլմի կամ նախագծի իրավատիրոջ, կամ իրավատեր կազմակերպության ղեկավարի նամակ` ընտրվելու դեպքում:
Ա. ՀՀ մշակույթի նախարարության կողմից չփոխհատուցվող ծախսերի
Բ. Անգլերեն լեզվով ֆիլմի/նախագծի տպագրական նյութերի ապահովման
Գ.Կինոշուկայի մասնակցության վերաբերյալ հաշվետվության ապահովման:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 3-ը: