17/03/2018 10:31
Լևոն Ալթունյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Դեռ անցած տարեվերջին նախարարի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները ներկայացվել են Արցախի առողջապահության կազմակերպիչներին և մասնագետներին` դրանք այնտեղ տեղայնացնելու նպատակով։
Լևոն Ալթունյանի հերթական այցի շրջանակում կքննարկվեն այդ առթիվ կնքված Համաձայնագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ընթացքը։ Նախարարին ուղեկցում է ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրման հանձնաժողովի նախագահ Հարություն Մանգոյանը, ով արցախցիներին կօժանդակի կարևոր այս ծրագրի ներդրմանը։
Նախարար Ալթունյանն այսօր Ստեփանակերտում հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանի, ստացիոնար և առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների հետ։
Կքննարկվի ծրագրերի տեղայնացման ընթացքը, միաժամանակ Լևոն Ալթունյանը կներկայացնի առողջության պահպանման առաջնային օղակի բարելավման տեսլականը, այդ օղակի բժիշկների աշխատանքի գնահատման ցուցանիշների արդյունքներով բոնուսների տրամադրման և դրանց հիման վրա աշխատավարձների բարձրացման մեխանիզմը։