19/03/2018 13:52
Առանց մշտադիտարկման խմբի կարողությունների ավելացման՝ վստահություն չի լինի. Շավարշ Քոչարյան
Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով բանակցային գործընթացում որևէ առաջընթացի մասին խոսելն անհնար է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Նա նկատեց, որ բանակցություններն ունեն երկու հարթություն՝ ստեղծել համապատասխան մթնոլորտ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար և բուն բանակցություններ, որոնք ուղղված են առաջընթացին:
«Վստահության անհրաժեշտ մասը նրանում է, որ կողմերը չկրակեն, սադրանքներ չկազմակերպեն: Բազմիցս խոսվել է թե՛ հետաքննության մեխանիզմի զարգացման մասին, թե՛ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մշտադիտարկման խմբի կարողությունների ավելացման մասին: Սա անհրաժեշտ պայման է, որովհետև առանց դրա վստահություն չի լինի», - նկատեց փոխնախարարը։
Խոսելով Ադրբեջանի կողմից անընդհատ շրջանառվող հինգ շրջանի հանձնման մասին հայտարարություններից՝ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ հայկական կողմը լուրջ չի վերաբերվում դրանց ու կոչ արեց նման հայտարարություններին առհասարակ չանդրադառնալ։
«Հերիք է տիրաժավորեք ադրբեջանական ցանկությունները։ Բազմիցս ասվել է, որ նման հարց չկա: Երբ Ադրբեջանից են դրա մասին անընդհատ խոսում, ես դա հասկանում եմ, բայց, երբ մեր կողմից են ասում ու չեղած բանը մատի փաթաթան դարձնում, դա արդեն ամոթ է», - նշեց նա: