19/03/2018 16:40
Շատ եմ պայքարել, որ հարցը ճիշտ լուծում ստանա, բայց… Էրիկ Օհանյանն՝ իր և Գոռ Վարդանյանի միջով անցած «սև կատվի» մասին և ոչ միայն (Տեսանյութ)
Արևելյան մարտարվեստների վարպետ, մարզիչ, դերասան Էրիկ Օհանյանն իր իսկ հիմնած ու ղեկավարած «Կ.Օ. Մուայ թայ բոքսինգ»-ի ֆեդերացիան վստահեց իր օգնականին ու շուրջ վեց տարի առաջ ընտանիքի հետ հեռացավ Հայաստանից: Նպատակն արտերկրում կատարելագործվելն ու իր մարտարվեստին նոր որակ փոխանցելն էր: Սակայն ամիսներ առաջ նրան կրկին Հայաստան վերադարձրեց ընտանիքը՝ կրտսեր որդու դրսում չհամակերպվելն ու ավագ որդու հայր դառնալը: Մարզիչ-դերասանն այժմ էլ պատրաստվում է երկրորդ թոռնիկի լույս աշխարհ գալուն:
Ներկայումս մարզիչը նաև մարզիկի կարգավիճակում է՝ ուսումնասիրում է Վինգ չուն (wing chun) արևելյան մարտարվեստը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ պատրաստվում է Հայաստանում իր ֆեդերացիան ունենալ, բայց միայն դաշտում տիրող հիմնախնդրի շտկումից հետո:
Անդրադարձանք նաև մի շարք ֆեդերացիաների նախագահների մտավախությանը, թե Երևանի քաղաքապետի սպորտի, մշակույթի և տուրիզմի հարցերով խորհրդական Գոռ Վարդանյանը չարաշահում է իր պաշտոնեական դիրքն ու փորձում այս դաշտում մենաշնորհ սահմանել:
«Հասկացա, որ ներքին «կուխնյան» մի քիչ լավը չի, իմ այն ընկերները, ովքեր ունեն ֆեդերացիաներ, ունեն նաև պրոբլեմներ: Ինչ-որ խնդիրներ են առաջացել, քաղաքապետարանում սպորտի բաժինն է ակտիվացել», - Aysor.am-ի հետ զրույցում նկատեց Էրիկ Օհանյանն՝ ընդգծելով, որ քաղաքապետարանն այս ոլորտի կարգավորումը վստահել է մի մարդու, ում հետ գրեթե ոչ-ոք չի ցանկանում աշխատել, այդ թվում՝ և ինքը:
Ըստ մեր զրուցակցի՝ պատճառը ոչ թե անձնավորված է, այլ այն է, որ արևելյան բոլոր մարտարվեստները կառավարող մարդը պետք է սեփական ֆեդերացիա չունենա:
Էրիկ Օհանյանը դաշտը կարգավորող իր ծրագիրն է ներկայացրել Սպորտի նախարարությանը և սպասում է պատասխանին:
Նրա հետ զրուցեցինք նաև Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպին Գոռ Վարդանյանի մասնակցության, նաև նախկին երկու ընկեր - գործընկերների միջով անցած «սև կատվի» մասին. հանրությունը կհիշի, որ Գոռ Վարդանյանի գրեթե բոլոր ֆիլմերում ժամանակին իր մասանակցությունն էր ունենում նաև Էրիկ Օհանյանը, այնինչ արդեն մի քանի տարի է՝ նրանց կապն ընդհատվել է…