20/03/2018 13:55
ՀՀ զինված ուժերն ավելացնելու են հարվածային և կրակային խոցման հեռավորությունը
ԶՈւ արդիականացման յոթնամյա ծրագրով հայկական զինված ուժերում կստեղծվի զսպման համակարգ: Այն կներառի բարելավված մարտական հերթապահության և լայնածավալ ռազմական գործողությունների զսպման բաղադրիչներ, այս մասին նշված հրապարակված ծրագրում:
«Համակարգը նպատակաուղղված կլինի Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգության կանխմանը, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունների հնարավորինս վաղ փուլում դադարեցմանը՝ Հայաստանի Հանրապետության համար շահավետ պայմաններով։ Հատկապես մեծ կարևորություն է տրվում Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորմանը», - ասված է ծրագրում:
Զսպման համակարգի ձևավորման առաջնահերթ մարտավարական խնդիրն է լինելու որակական նոր մակարդակի հասցնել մարտական հերթապահությունը.
«Մասնավորապես, այն ուղղված է լինելու`
- հակառակորդի հարձակման նախապատրաստման, դիվերսիոն գործողությունների կամ դրանց փորձի վաղ հայտնաբերմանը և հակազդմանը,
- պետական սահմանի խախտումների արդյունավետ կանխմանը,
- հակառակորդին անհրաժեշտության դեպքում անհամաչափ վնաս պատճառելուն,
- զորքերի՝ պլանային ձևով պահպանությունից պաշտպանության անցնելու ապահովմանը,
- առաջնագծում զինանձնակազմի կողմից դիտարկման կարողությունների ընդլայնմանն ու առավելագույնս անվտանգ մարտական հերթապահության կազմակերպմանը», - ասված է ծրագրում:
Ըստ դրա` այդ նպատակով նախատեսվում է կարճաժամկետ հեռանկարում Զինված ուժերը համալրել արդիական տեսադիտարկման, հետախուզության, հավաստանշման և կրակային խոցման ու ինժեներական միջոցներով և որպես վերջնանպատակ՝ ձևավորել միասնական համակարգ։
Մարտական հերթապահության համակարգի կատարելագործումը նպատակ է հետապնդում նաև բարձրացնել մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի անվտանգության աստիճանը, ինչը ենթադրում է մարտական հենակետերի լրացուցիչ ինժեներական կահավորում և անձնակազմի համապատասխան հանդերձավորում:
«Համակարգի օպերատիվ մակարդակում զինված ուժերը պետք է ապահովեն ռազմական փոփոխվող միջավայրին և գործողություններին ադապտացման բավարար մակարդակ։
Այդ նպատակով զինված ուժերում նախատեսվում է ներդնել «քաղված դասերի» արդյունավետ համակարգ, ձևավորել ֆիզիկական, մտավոր, տեխնիկական և տեխնոլոգիական այնպիսի կարողություններ, որոնք թույլ կտան համարժեքորեն արձագանքել մարտական գործողությունների ծավալման անկանխատեսելի իրողություններին և սցենարներին, պատերազմի վարման նոր ձևերին և եղանակներին, ինչպես նաև ապահովել ռազմական գործողություններին դիմագրավման անհրաժեշտ տևականությունը», - ասված է ծրագրում:
Անդրադառնալով Զսպման համակարգի ռազմավարական բաղադրիչին` ծրագրում նշված է, որ դրանով նախատեսվում է ձևավորել լայնածավալ ռազմական գործողությունները կոնվենցիոնալ միջոցներով զսպելու, ինչպես նաև անհամաչափ գործողություններ իրականացնելու ներուժ՝ «պատշաճ հեռահարությամբ» հարվածներ հասցնելու և անհրաժեշտության դեպքում մարտական գործողություններն ապակենտրոնացված ու տարատեղված կերպով հակառակորդի տարածք տեղափոխելու կարողությունների համակցմամբ։
«Նախատեսվում է ավելացնել ՀՀ զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը՝ գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության կարողությունների, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ նաև բազմա ֆունկցիոնալ օդուժի զարգացման միջոցով։
Միաժամանակ, ստեղծվելու է ռազմավարական հետախուզության նոր համակարգ՝ ռադիոէլեկտրոնային և օդային հետախուզության կարողությունների և տարբեր աղբյուրներից ստացվող հետախուզական տվյալների համադրման ենթակառուցվածքների զարգացման միջոցով։
Ձևավորվելու է նաև տեղեկատվական գործողությունների և կիբեռ ռեսուրսների կիրառման ժամանակակից համակարգ, որը կներառի հոգեբանական գործողություններ վարելու կարողություններ, կիրականացնի ռազմական խորամանկության և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցառումներ և կունենա հակառակորդի տեղեկատվական միջոցների ֆիզիկական (կիբեռ) խոցման հնարավորություններ։ Ներդրվելու է տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների գծով ղեկավարների ինստիտուտ», - ասված է ծրագրում:
Ըստ արդիականացման յոթնամյա ծրագրի` զսպման համակարգի կարևորագույն բաղկացուցիչ է ռազմաքաղաքական և դիվանագիտական մեթոդներով զսպումը, որը նախատեսում է ՀՀ արտաքին քաղաքական ջանքերի և հավաքական պաշտպանության գործուն մեխանիզմների համադրում։