20/03/2018 13:16
ՀՀ-ն կշարունակի Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքականությունը, բայց վերջնական կարգավորման հավանականությունը ցածր է. ԶՈւ Արդիականացման ծրագիր
Չնայած ՀՀ-ն կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու քաղաքականությունը՝ դրա վերջնական կարգավորման հավանականություն ցածր է, նշված է հայկական Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի հրապարակված տեքստում:
«Վերջնական կարգավորման հավանականությունը ցածր է՝ հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական ղեկավարության առավելապաշտական մոտեցումները։ Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակի ռազմականացման ու սպառազինությունների մրցավազք հրահրելու և «Ակտիվ սահմանի» քաղաքականությունը՝ մշտապես բարձր պահելով հայ– ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում լարվածությունը, ձեռք բերելով հարձակողական բնույթի նոր, բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, իրականացնելով ռազմական գործողությունների վերսկսման տեղեկատվական և քարոզչական նախապատրաստում», - ասված է ԶՈւ արդիականացման ծրագրում:
Ըստ դրա` Ադրբեջանում ներքաղաքական հնարավոր լարվածությունները, ինչպես նաև սոցիալական ընդվզումները, ժողովրդավարական վերահսկողության ինստիտուտների բացակայության պայմաններում, հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով ևս կարող են պատճառ հանդիսանալ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման համար։
Իրավիճակի լարումը սադրելու ներուժ ունեն նաև տարածաշրջանում ապակառուցողական շահեր հետապնդող որոշ դերակատարներ և լրացուցիչ վտանգ կարող է ներկայացնել ահաբեկչական խմբերի ակտիվացումը։