20/03/2018 18:34
Ապրիլի 5- ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում կբացվի արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը
2007թ-ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, որի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, տարբեր ազգերի արվեստագետների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը, պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը և ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար, գեղարվեստական կրթության բնագավառում կատարել գիտամանկավարժական փորձի փոխանակում:
Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման և արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնի տասնամյա հոբելյաններին, նաև՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Փառատոնն իրականացնող կազմակերպություններն են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյան) , Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը (տնօրեն Կարինե Ավդալյան) և «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ն:
2018թ-ին «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 37 երկրներից ավելի քան 3100 անհատ կատարողներ և համույթներ:
Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով՝ 21 անվանակարգերում:
Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված են բազմաթիվ արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 14 երկրներից:
Փառատոնային օրերին ժյուրիի բոլոր անդամների և նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երևանում և հանրապետության այլ քաղաքներում կանցկացվեն համերգներ և վարպետության դասեր՝ մրցույթ-փառատոնի մասնակիցների համար:
Փառատոնի շրջանակներում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 12-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10 ամյակներին, որին կմասնակցեն շուրջ 3 տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում, տարբեր երկրներում: Ամռան ընթացքում նրանց համար կկազմակերպվի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ամառային ստեղծագործական ակադեմիա:
Մրցույթ-փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 5- ին՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում: