22/03/2018 09:25
Գյումրու թատրոնը Ապրիլյան պատերազմի մասին իրական փաստերի վրա հիմնված բեմադրություն կներկայացնի, որի կոմպոզիտորն է Հայկոն. մանրամասնում է թատրոնի տնօրենը
Գյումրեցի երիտասարդը ծառայությունից վերադառնում է հայրենի քաղաք՝ Թալիշում թողնելով սիրած աղջկան: Ամուսնությունը նախատեսված էր հենց ապրիլի սկզբին, սակայն պատերազմը երազանքները կիսատ թողեց… Սա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ 2 գործողությամբ ու երկու ժամ տևողությամբ նոր ներկայացման հակիրճ բովանդակությունն է, որի պրեմիերան, շուրջ մեկ տարվա ստեղծագործական աշխատանքից հետո, տեղի կունենա մայիս ամսին: Իրական պատմությամբ ու նոր շնչով բեմադրված ներկայացում՝ Ապրիլյան պատերազմի թեմայով: Պիեսը գրվել է Մշակույթի նախարարության պատվերով՝ հատուկ Գյումրու թատրոնի համար: Հեղինակն Անահիտ Աղասարյանն է, բեմադրիչը՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:
«Այս ներկայացումը նվիրված է քառօրյա պատերազմին: Պիեսը գրվել է իրական դեպքերի հիման վրա, սակայն, բնականաբար, ունի գեղարվեստական լուծումներ: Սա խոնարհում է և՛ այն բոլոր տղերքին, ովքեր այդ օրերին առաջնագծում էին, և՛ նրանց, ովքեր թիկունքում ամեն ինչ արեցին, որպեսզի սահմանում գտնվողները թե՛ նյութապես, թե՛ հոգեպես որևէ բանի կարիք չունենան, հասկանան, որ մեկ ազգ-երկու պետություն կանգնած են իրենց կողքին», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:
Ներկայացման մեջ հերոսների իրական անունները չեն պահպանվել, քանի որ նրանց բացահայտվելը կարող էր հանդիսատեսի մոտ հուզական ֆոնն առավել սրել: Ինչպես թատրոնի տնօրենն է նկատում՝ չէ՞ որ հանդիսատեսի շարքերում կարող են լինել նաև զոհված տղաների ծնողներն ու մտերիմները, ապրիլյան պատերազմին մասնակից տղաները:
Գյումրեցի զինվորին մարմնավորելու է դերասան Տարոն Գրիգորյանը, թալիշցի հարսնացուին՝ Ջեմմա Ադամյանը: Բեմում են լինելու նաև ՀՀ ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանը, ՀՀ Վաստակավոր արտիստներ Սուսաննա Բաղդասարյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, Արսեն Սաղաթելյանը և այլք:
Տիգրան Վիրաբյանը վստահ է՝ այս ներկայացումը դառնալու է Գյումրու դրամատիկական թատրոնի 2018 թվականի լավագույն ներկայացումներից մեկը, քանի որ թեման կարևոր է բոլորի համար:
«Շատ կարևոր էր, որ քառօրյա պատերազմի թեման նաև բեմում արծարծվեր: Մեր թատրոնի հանդիսատեսը նաև պատանիներն են, իսկ թատրոնը սերունդ կրթելու և ռազմահայրենասիրական դաստիրակություն տալու առումով չի կարող անմասն մնալ: Այն դպրոցականը, ով գալիս է ներկայացում նայելու, պետք է նաև այդպիսի դաստիարակություն ստանա թատրոնում: Բոլորս էլ գիտենք, թե մեր «ոխերիմ բարեկամներն» ինչպես են իրենց երեխաներին տրամադրում մեր դեմ: Մենք ատելություն սերմանալու նպատակ ու խնդիր չունենք, պարզապես մեր երեխաներին պետք է ճշմարտությունն ու իրականությունը ներկայացնենք», - ընդգծեց նա:
Որքան կարևոր, այնքան էլ նուրբ ու ռիսկային թեմա է Ապրիլյան պատերազմը, որի հետքերը դեռ շատ թարմ են: Պատերազմ, որը յուրաքանչյուրս տեսել է սեփական աչքերով, ու թեև՝ ոմանք առաջնագծում, ոմանք էլ՝ թիկունքում, այնուամենայնիվ՝ զգացողությունը, կորուստն ու ձեռքբերումը մեկն է:
«Ի սկզբանե որոշված է՝ բեմը պատերազմի դաշտի չի վերածվելու, պատերազմական գործողություններ չեն ցուցադրվելու: Չի՛ կրակում ոչ մի փամփուշտ, բայց ամբողջ ընթացքում «վառոդ»-ի հոտը դահլիճում զգում ենք: Գիտեք, փորձը ցույց է տվել, որ դա թատրոններում չի ընկալվում: Մեր պիեսի բոլոր գործողությունները տեղի են ունենում թիկունքում, չէ՞ որ այդ օրերին պակաս պատերազմական դաշտ չէր նաև հենց թիկունքը. բոլորս այդ պատերազմի շունչը զգում էինք, միահամուռ էինք դարձել: Չեմ էլ հիշում, թե վերջին անգամ ինքնակամ երբ էր հայ ազգն այդպես միավորվել», - նշեց մեր զրուցակիցը:
Իսկ թե որքանո՞վ հանդիսատեսին ընկալելի կլինի պատերազմի մասին պատմող ներկայացումն՝ առանց պատերազմի՝ թատրոնի տնօրենը կինոօրինակներով խոսեց՝ նկատելով, որ «Հին օրերի երգը» ֆիլմում պատերազմական որևէ գործողություն չի ցուցադրվում, բայց ամբողջ 1 ժամ 30 րոպեն ամբողջությամբ պատերազմ է:
Բեմի նկարչական ձևավորումը պատկանում է Գարեգին Եվանգուլյանին: Ներկայացումն ունի հատուկ իր համար գրված երաժշտություն, որի կոմպոզիտորը Հայկոն է: Առաջիկայում բեմադրության սաունդթրեքի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի:
«Մեզ համար սկզբունքային էր նաև այն, որ ներկայացման համար հատուկ երաժշտություն գրվի: Յուրաքանչյուրս, որևէ տեղ լսելով այդ երաժշտությունը, պետք է տեղափոխվենք այս ներկայացում: Պետք է նշեմ, որ ի պատիվ Հայկոյի՝ հետաքրքիր սաունդթրեք է ստացվել, նա հրաշալի աշխատանք է կտարել», - խոստովանեց տնօրենը:
Ներկայացումը կունենա երկու պրեմիերա՝ Գյումրիում և Արցախում: Գյումրու պրեմիերան նախատեսված է մայիսի սկզբին:
«Թատրոնում անընդհատ խոսում ենք այն մասին, որ հանկարծ ու չունենանք առիթ, երբ պետք կլինի այս ներկայացումը խաղալ սահմանին՝ կռվի գնալուց առաջ: Իսկ հանրապետության քաղաքներում, բնականաբար, ներկայացումը կունենա շրջագայություն: Ի դեպ, այսօր Արցախ ենք գնում այլ ներկայացմամբ, առիթն օգտագործելով, նաև այս ներկայացման արցախյան պրեմիերայի համար կբանակցենք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Տիգրան Վիրաբյանը: