22/03/2018 19:41
1980-ականներին արժեքներն ուրիշ էին. Սիրուն աչքերիդ ու լավ «թիկունքիդ» համար կոչում չէին տալիս. Գուժ Մանուկյան
Տևական ժամանակ է՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը չի երևում էկրաններին: Aysor.am-ի հետ զրույցում դերասանը խոստովանեց՝ էկրանային լռությունը պայմանավորված է առաջարկի բացակայությամբ, ինչն իր պահանջկոտության ու գործին լուրջ մոտեցման հետևանք է:
«Երևի թե պահանջկոտ դերասանների կարիք չունեն, իրենք սիրում են ենթարկվողներին: Ուզում են վերջին պահին քեզ հասցնեն տեքստն ու նույն օրն էլ նկարեն: Երևի իրենց ձեռք չի տալիս, որ ասում եմ՝ սցենարն ինձ երկու-երեք օր շուտ տվեք: Դե, նաև հիմա հիմնականում երիտասարդներին են կանչում: Բայց ասեմ, որ ես դեռ շնչում եմ, դեռ կամ, ուժերս տեղն են, սկլերոզ չունեմ… Չգիտեմ, երևի, ինձ առաջարկելու հարմար բան չեն գտնում», - նշեց Գուժ Մանուկյանը:
Մերօրյա սերիալներում թեմայի պակաս կա: Սխեման նույնն է, ու առաջարկի դեպքում գրեթե կանխատեսելի է՝ տարիքային որ խմբի դերասանին ինչ կերպարի համար են հրավիրել. մինչև 40-ները՝ ռոմանտիկ սիրահարներն են, 50-ից բարձրները՝ օլիգարխները, 60-ն անց դերասաններին էլ բաժին են հասնում ընտանիքի պապիկները: Այս հանգամանքը և զարմացնում, և զայրացնում է Ժողովրդական արտիստին, ում առավել հետաքրքրում են դրամատիկ ու հոգեբանական կերպարները: Գրեթե 81-ամյա արտիստը համբերությամբ սպասում է նոր ժամանակների իր կինոյին:
«Վերջերս Ջեք Նիկոլսոնի մասնակցությամբ մի ֆիլմ էի նայում, տարքով կնոջ և տղամարդու սիրո մասին էր: Ես ուղղակի ապշեցի՝ այ դա վերաբերմունք է տարիքն առած դերասանի նկատմամբ: Կարողանում են նրանց համար հետաքրքիր ու ասելիքով սցենար գրել ու ֆիլմ նկարահանել… Մեզ մոտ նման բան չկա, ուղղակի մտածում են՝ այնպիսի ֆիլմ նկարենք, որ մի քիչ «հումոր» անենք, հռհռանք ու վերջ: Ֆիլմերի հեղինակները երևի հասկանում են, որ ես հոգեբանական թեմաների կողմնակից եմ, ու քանի որ իրենց ֆիլմերում հոգեբանականը, հերոսի ԴՆԹ-ն չկա, չեն էլ հրավիրում: Դժբախտաբար, ուրիշ բացատրություն չունեմ», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Հարցին, որ հայերն իրենց կոմպլեքսներով առանձնանում են ու որոշների համար 50-ից հետո ծնված սիրավեպերը երբեմն ոչ միայն գեղեցիկ չեն, այլև գռեհիկ են, ու, գուցե, հենց դա է պատճառը, որ մեր ֆիլմերում նման տեսարանների չենք հանդիպում, պատասխանեց.
«Չգիտեմ՝ կոմլեքս կա, թե ոչ, բայց երևի զգում են, որ ժողովուրդն ավելի շատ թեթև ժանրի կողմնակից է: Թեև, ինչպես ասում են, փոխանակ ժողովրդին բարձրացնես քո մակարդակին, դու ես իջնում ժողովրդի մակարդակին: Նույնիսկ թատրոնների ցանկում են լուրջ պիեսները քիչ, հիմնականում տեղ են տալիս կատակերգական ժանրին: Դերասանն ինչպե՞ս կարող է տարիքի պատճառով հրաժարվել նման կերպարներից, եթե գտնի, որ դա իրենն է: Գուցե հրաժարվի, եթե զգա, որ իրեն այնպիսի բան են առաջարկում, որն իր հետ բոլորովին կապ չունի: Իմ կարծիքով, եթե գիտակցում ես, որ դու «համլետացու» չես ու հրաժարվում ես քեզ առաջարկված Համլետի դերից, դա էլ է հերոսություն»:
Գուժ Մանուկյանն այն արտիստներից է, ով պարբերաբար համագործակցել է սցենարիստ Դիանա Գրիգորյանի հետ՝ նկարահանվելով նրա կողմից գրված սերիալներում: ՀՀ ժողովրդական արտիստից, ով «Մովսես Խորենացի» մեդալի արժանացել է դեռևս 20 տարի առաջ, հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է կանաց մեկամսյակին ընդառաջ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Դ. Գրիգորյանին «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրելու մասին: Ի դեպ, այս պարգևատրումը բազմաթիվ քննարկումների ու քննադատությունների առիթ հանդիսացավ:
«Անկեղծ ասած՝ չեմ նկատել, որ նման աղմուկ է բարձրացել: Սովորաբար, ես նման հարցերում ձեռնպահ եմ, կոչում տվողները թող մտածեն՝ արժանի՞ են այդ կոչումն ու մեդալը կրողները, թե՞ ոչ: Ես ի՞նչ ասեմ, թող բաժանեն: Գիտեք, նման խոսակցությունների շարժառիթ երբեմն նաև նախանձն է դառնում. մտածում են՝ դիմացինս երիտասարդ է, ստանում է, իսկ իմ ժամանակը վաղուց անցել է, չեմ ստացել… Պետք է ասեմ, որ կոչումներն արդեն կորցրել են իրենց արժեքը: Ընկերներ ունեմ, որ առաջարկում եմ իրենց անունները ներկայացնել, հրաժարվում են, ասում, որ կոչում չեն ուզում: Այն ժամանակ ուրիշ էին արժեքները. ես Ժողովրդական արտիստի կոչում 1980 թվականին եմ ստացել, 43 տարեկան հասակում՝ Կարեն Դեմիրճյանի կողմից: Շատ խիստ ընտրություն էին կատարում, սիրուն աչքերիդ ու լավ «թիկունքիդ» համար չէին տալիս», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Գուժ Մանուկյանը: