22/03/2018 13:02
Շատ ուրախալի է լինել մանուկների հերոսը, նշանակում է` հասել ես ինչ-որ բանի, արել կարևոր բան երկրի համար. Հենրիխ Մխիթարյան (Տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է երեխաների համար հերոս լինելու, հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումների, հավաքականի նոր մրցափուլի, ինչպես նաև «Արսենալում» հարմարվելու մասին։
«Ես էլ եմ եղել մանուկ, գիտեմ, թե ինչ զգացողություններ են դրանք: Ես էլ եմ ունեցել գլխավոր հերոսներ, ուզեցել եմ նմանվել ինչ-որ ֆուտբոլիստի կամ հերոսի: Դա շատ մեծ պատիվ է, քանի որ նշանակում է, որ հասել ես ինչ-որ բանի, արել ես կարևոր բան երկրի, քեզ հետևողների համար: Շատ ուրախալի է լինել մանուկների հերոսը», - ասաց նա։
Խոսելով առաջիկայում կայանալիք երկու ընկերական հանդիպումների մասին՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագն ասաց, որ խաղից առաջ տրամադրվածությունը դրական է, ինչպես միշտ։
«Առաջիկա երկու ընկերական խաղերից առաջ տրամադրվածությունը միշտ էլ բարձր է, փորձելու ենք հաղթել այս երկու խաղերում, չնայած որ լինելու են մարտավարական փոփոխություններ, ֆուտբոլիստների փոփոխություններ, բայց դա ոչ մի ձև չպետք է ազդի հաղթանակի ցանկության վրա, կփորձենք ուրախացնել մեր երկրպագուներին», - ասաց նա։
Անդրադառնալով հավաքականի նոր մրցափուլում սպասելիքների մասին՝ Հենրիխ Մխիթարյանն ասաց, թե դեռ հինգ ամիս ժամանակ կա մինչ նոր մրցափուլը։
«Շատ բան կարող է փոխվել մինչ այդ, պետք է կարողանանք այդ երկու ընկերական հանդիպումներից ու մայիսի վերջ ու հունիսի սկիզբ կայանալիք խաղերից լավագույնը քաղել, որ պատրաստվենք ազգերի լիգային», - նշեց Հ. Մխիթարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում