22/03/2018 12:30
Անթույլատրելի է. Ռուբեն Հայրապետյանը թույլ չի տա, որ Գագիկ Ծառուկյանը երկու ակումբ հիմնի (Տեսանյութ)
Ակումբը դուռ չի, որ բացվի ու փակվի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հյարապետյանն՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ակումբներ հիմնելուն։
«Կան որոշ ակումբի տերեր, որոնք ակումբը ստեղծում են ու անունը դնում են՝ մենք ակումբ ենք բացում: Ես միշտ դեմ եմ եղել, որ ակումբը բացվում է, ոնց բացվում է, այդպես էլ փակվում է, ես կողմնակից եմ նոր ակումբների ստեղծվելուն», - ասաց նա։
Aysor.am-ի դիտարկմանը, թե ՀՖՖ նախագահը հանդիպել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ ու քննարկել Գագիկ Ծառուկյանի կողմից ակումբներ հիմնելու գաղափարը, Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ, այո՛, հանդիպում կայացել է, ու կհիմնվի նոր ակումբ։
«Սպորտի նախարարը եկել է իմ հետ հանդիպման, նախարարի հետ քննարկել ենք, իրենք ասել են, որ պատրաստվում են երկու ակումբ հիմնել, ես պատասխանել եմ, որ ես թույլ չեմ տա նույն ֆինանսավորման աղբյուրից լինի երկու ակումբ, քանի որ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն արգելում են նույն ֆինանսավորման աղբյուրից նույն առաջնությունում լինեն երկու ակումբ», - ասաց ՀՖՖ նախագահը։
Նա ընդգծեց, թե «միանգամից չի կարելի օդի միջից ակումբ հայտնվի բարձագույն խմբում»։
«Ես սպորտի նախարարին խորհուրդ եմ տվել: «Էրեբունի» ակումբն ունի ֆինանսական խնդիրներ, իմ հորդորով, իմ խորհրդով, նրանք բանակցել են ու վերցրել են «Էրեբունի» ակումբը, որը մոտ ժամանակներս կանվանափոխվի, կարծում եմ՝ «Կոտայք»-ի, և մենք այ էն ժամանակ, չնայած կարող է մրցանակային տեղ չընկնի «Էրեբունին», բայց գործկոմով որոշում կկայացնենք միանգամից չորս թիմ մտնի բարձագույն խումբ ու ունենանք տասը թիմ: Այ դա ֆեդերացիայի ու գործկոմի իրավասությունների մեջ է մտնում, կանոնակարգին համապատսասխան է», - ընդգծեց Ռուբեն Հայրապետյանը։
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում Հրաչյա Ռոստոմյանը հաստատել էր, որ հանդիպում է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ:
«Ասեմ, որ ամեն ինչ անցել է շատ կոնստրուկտիվ, փոխադարձ հարգանքով և, բնականաբար, այս ամենն իր դրական արդյունքը կթողնի ֆուտբոլի վրա, որովհետև սպորտն ամենամիավորող ոլորտն է ու բոլորս պարտավոր ենք հանուն սպորտի ամեն ինչ անել», - նշել էր Հրաչյա Ռոստոմյանը: