22/03/2018 11:00
Հրապարակվել է Սևակ Խանաղյանի «Քամի» երգի տեսահոլովակը
Մարտի 21-ին՝ ժամը 21:30-ին, տեղի կունենա «Եվրատեսիլ 2018»-ի Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի պրեմիերան:
Տտեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, բեմադրող օպերատորը` Սուրեն Թադևոսյանը, ոճաբանը` Արամ Նիկոլյանը: Լուսային ձևավորումը պատկանում է Վահագն Միքայելյանին:
«Երբ առաջին անգամ լսեցի երգը, հասկացա, որ պետք է տեսահոլովակում ցույց տալ Սևակի հոգեվիճակն ու ապրումները: Տեսահոլովակում որևէ ավելորդ տարր չկա, չեմ ցանկացել կադրը ծանրաբեռնել տեսարաններով՝ փորձելով չշեղել հանդիսատեսի ուշադրությունը երգից և Սևակից: Հաշվի առնելով այսօրվա միտումները՝ շեշտադրումը դրել եմ լուսային ձևավորման և մոնտաժային հնարքների վրա: Հուսով եմ՝ տեսահոլովակը կօգնի փոխանցել Սևակի հոգևիճակն ու երգի ասելիքը հայ և եվրոպացի հանդիսատեսին» - ընդգծեց ռեժիսոր Արթուր Մանուկյանը:
«Այս տեսահոլովակը իմ և Հանրային հեռուստաընկերության առաջին համագործակցությունն է, և պետք է ասեմ, որ նկարահանումները շատ լավ են ընթացել: Նկարահանման ընթացքում մեծ և պրոֆեսիոնալ թիմ է աշխատել՝ ի դեմս ռեժիսոր Արթուր Մանուկյանի, ով շատ լավ գիտի, թե ինչպես է պետք կադրի միջոցով փոխանցել երգի և երգչի զգացմունքները: Տեսահոլովակում, ինչպես բեմում, շատ անկեղծ եմ: Հուսով եմ՝ հանդիսատեսին դուր կգա մեր կատարած աշխատանքը» - նշեց Սևակ Խանաղյանը:
Հիշեցնենք, որ Սևակ Խանաղյանը հանդես կգա «Եվրատեսիլ 2018» երգի միջագային մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: