26/03/2018 15:42
Կոնստանտին Զատուլինը ծաղրել է Ադրբեջանի նախագահին և Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ զվարճալի դեպք պատմել (Տեսանյութ)
Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն այսօր Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը այն մասին, որ Երևանը, ինչպես նաև Զանեզուրը, Ադրբեջանի պատմական տարածքներ են։
ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նախ զգուշացրեց, որ ցանկանում է կոռեկտ արտահայտվել, ասաց, որ Ադրբեջանի նախագահը միջազգային ասպարեզում թուլացրել է իր դիրքերը նման հայտարարություն կատարելով և հավելեց, որ այդ հայտարարությունը ամենայն հավանականությամբ ուղղված է ներքին լսարանին՝ հաշվի առնելով սպասվող ընտրությունները։
«Այդ հայտարարությունը ոչ մի քննադատության չի դիմանում՝ քաղաքական, պատմական տեսանկյունից։ ինչպե՞ս կարող է որևէ մեկը լուրջ վերաբերվել նման հայտարարությանը», - հայտարարեց Զատուլինը։
Ռուս պատգամավորը անցյալից մի դրվագ պատմեց.
«Երբ Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին, ԼՂՀ-ն ներկայացնում էր իմ հին ընկեր Արկադի Ղուկասյանը։ Հռոմում բանակցությունների սեղանին սուր քննարկումներ էին ընթանում, տարածքային հավակնությունների մասին հայտարարություններ էին հնչում, բայց բանակցությունների սեղանից դուրս ադրբեջանական ներկայացուցիչների կողմից փորձեր էին արվում հարթեցնել հարաբերությունները։
Մի անգամ Արկադի Արշավիրովիչը, երբ մտահոգ տեսք էր ընդունել, ադրբեջանցի գործընկերը հարցնում է՝ ինչ է պատահել, Ղուկասյանը պատասխանում է, թե շատ է մտահոգվել, երբ հռոմեական կոլիզեումի ճանապարհին տեսել է Հռոմեական կայսրության քարտեզը և պատկերացրեք՝ ամեն տեղ, որոնք մենք սովորել էինք համարել մերը, գրված է՝ Հզոր Ադրբեջան։ Ադրբեջանցի գործընկերը սկսել է հանգստացնել Ղուկասյանին, սակայն ավելի ուշ պաշտոնական հերթական հանդիպման ժամանակ ադրբեջանական ամբողջ պատվիրակությունը վրդովված է եղել, քանի որ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը ամբողջ պատվիրակությանը տարել է՝ դիտելու քարտեզները, որպեսզի վստահ լինեն, որ Իտալիայում Հռոմեական կայսրությանը վերաբերող քարտեզներում գրված է Հզոր Ադրբեջան։ Ցավոք, այնտեղ ամեն տեղ նշված է եղել Հզոր Հայաստան»։
Այս պատմությունն ավարտելուց հետո Զատուլինը նշեց, որ ինչպես ինքը, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և նկատեց, որ այդ իմաստով որոշակիորեն պատասխանատու է Ալիևի հայտարարությունների համար. «Հավանաբար գիտելիքները ամբողջական չեն ստացել, և շատ եմ խնդրում, դրան լուրջ մի վերաբերվեք։ Կարծում եմ, որ այդ հայտարարության մեջ որևէ բան չկա մեկնաբանելու»։