26/03/2018 19:27
Գյումրին շուտով կվերածվի աշխարհի մշակութային կենտրոնի (Տեսանյութ)
Հաշված օրեր են մնացել Գյումրիում ամեն տարի անցկացվող արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 10-րդ մեկնարկին: Մի քանի օրից աշխարհի մշակութային կիզակետը կտեղափոխվի Հայաստանի երկրորդ քաղաք:
«Ամեն անգամ նոր ոգևորությունով, նոր սպասումներով ենք համակվում փառատոնի մեկնարկից առաջ։ Ճանաչված արվեստագետների հետ նոր հանդիպումները, նոր մշակութային ու գիտաուսումնական նախագծերի քննարկումները հարստացնում են ինչպես մեզ, այնպես էլ Գյումրու մշակութային կյանքը: Հպարտ ենք , որ կարողանում ենք այդ օրերին ողջ Հայաստանի, ինչու չէ, աշխարհի մշակութային կենտրոնը դարձնել Գյումրին», - ասել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմկոմիտեի անդամ, փառատոնի համակարգող Ռիտա Աղայանը։
Մրցույթ-փառատոնի կազմկոմիտեն այս տարի ավելացրել է գեղարվեստ անվանակարգը՝ գեղանկարչություն, քանդակ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլ ենթաբաժիններով:
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի փոխնախագահ Աշոտ Պետրոսյանի խոսքով, Հայաստանում 59 արվեստի և 23 մասնագիտացված գեղարվեստի դպրոցների հազարավոր երեխաներ կան, ովքեր կերպարվեստի հետ են առնչվում:
«Ժամանակի հրամայական էր, որ մենք հնարավորություն տայինք շնորհալի երեխաներին ցուցադրել իրենց աշխատանքները, հայտնել իրենց մասին: Հատկապես այս հարթակը անհրաժեշտություն է մարզերում ու գյուղական համայնքներում, որտեղ պատանիները մեղմ ասած միշտ չէ, որ հնարավորություն ունեն իրենց ձեռքի աշխատանքները ներկայացնել հեղինակավոր ժյուրիի դատին: Արձագանքները բավականին ոգևորիչ են, բայց սպասելի: Մրցույթ-փառատոնի արդյունքում կերպարվեստ անվանակարգում ներկայացված աշխատանքները կներգրավվեն կազմակերպված ցուցահանդեսում, ինչպես նաև մասնակիցների համար կտպագրվի աշխատանքների կատալոգ», - նշեց Աշոտ Պետրոսյանը: