26/03/2018 14:10
Ռուսաստանը, հավատացեք, Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում արել է հետևություններ. Զատուլին
Հայաստանի խորհրդարանում Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը այսօր հիշել է 2016-ի ապրիլյան պատերազմը և նկատել, որ այն «հրահրվել է կողմերից մեկի կողմից»։
«Հասկանում ենք, որ 2016-ին տեղի ունեցած գործողություններից հետո Հայաստանի հասարակության շրջանում եղան դժգոհություններ Ռուսաստանի գործողությունների նկատմամբ, մասնավորապես, Ադրբեջանին պայմանագրով զենքի մատակարարման համար։ Մենք ցավում ենք, որ Ադրբեջանում չեն գտել մեկ այլ ձև դա օգտագործելու, քան հակամարտության գոտում այն գործածելը՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ Մենք, հավատացեք, տարածաշրջանում սպառազինության մատակարարման հավասարակշռության խախտման հետ կապված արել ենք հետևություններ և Հայաստանին մատակարարել ամենաժամանակակից սպառազինությունը», - հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ռուս պաշտոնյան ընդգծեց, որ ինքը Հայաստան-Ռուսաստան պատմական կապերի կողմնակիցն է և ասաց, որ վստահ է՝ Դումայի շատ պատգամավորներ ևս այդ կապերի ջատագովն են։
Նկատենք, որ Զատուլինը այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ ռուս պաշտոնյան է, որը հայտարարում է, որ Ռուսաստանը արել է հետևություններ Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում։ Հիշեցնենք՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին հարցին ի պատասխան, մասնավորապես ասել էր.
«Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակը պայթյունավտանգ է, ու 2016 թվականի ապրիլի իրադարձությունները դրա ապացույցն էին: Այժմ Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև 2016 թ. ապրիլը, և մենք պարտավոր ենք դա անել այդ պայմանագրի կետերին համապատասխան, բայց այն իրավիճակը, որը եղել է մինչև 2016 թ. ապրիլը, իմ ունեցած տեղեկություններով՝ հետագայում չի վերարտադրվելու այն մասշտաբներով, որոնցով իրականացվում էր մինչ այդ»: