27/03/2018 14:27
Երևանի խոշոր առևտրային կենտրոններից մեկում հակահրդեհային համակարգի որոշ խնդիրներ են հայտնաբերվել
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները արդեն երկու օր է՝ Երևանի խոշոր առևտրային կենտրոններում հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացնում։
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ ԱԻ նախարարի հրամանով այս տարվա սկզբից ԱԻՆ մասնագետները նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվում մարդկանց մասսայական ներկայության մի շարք օբյեկտներում, սակայն Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև առևտրի կենտրոնները։
«Մենք օրինակ, ստուգում ենք վարչահասարակական, մարզամշակութային կենտրոններ, հյուրանոցներ, այսինքն՝ այնպիսի տարածքներ, որտեղ մարդկանց զանգվածային ներկայություն կա։ Բայց այս դեպքը որ եղավ, նախարարը հանձնարարեց, որ, այո՛, հիմնական ուշադրությունը դարձնել առաջնահերթ առևետրի կենտրոնների վրա, քանի որ, ցավոք, այդ դաժան դեպքը տեղի ունեցավ Ռուսաստանում», - ասաց Հայրապետյանը։
Նա տեղեկացրեց, որ, ըստ ռիսկայնության, կան օբյեկտներ, որոնք ստուգվում են որոշակի պարբերականությամբ՝ հինգ, մեկ կամ երկու տարին մեկ անգամ։ Բարձր ռիսկայնությամբ խիստ հրդեհավտանգ օբյեկտները ստուգվում են տարին մեկ անգամ, իսկ միջին ռիսկայնությամբ օբյեկտները՝ 2-3 տարին մեկ։
Ինչևէ, այս օրերին Երևանի առևրտրային խոշոր երեք կենտրոններում՝ «Երևան մոլում», «Դալմա մոլում» և «Ռիո մոլում» կատարվել են հրդեհատեխնիկական ինտենսիվ հետազոտությունները, և ԱԻՆ պաշտոնյան փոխանցեց, որ դրանցից մեկում խնդիրներ հայտնաբերվել են։
«Այդ կենտրոններում հիմնական միջոցառումները կատարված են, համեմատաբար վիճակը նորմալ է՝ ապահովված են տարհանման համար անհրաժեշտ համապատասխան ելքերով, հրդեհաշիջման, ծխահեռացման համակարգեր կան, ներքին ջրամատակարարման ցանցը կա և ընդհանրապես, հիմնական հարցերը կարգավորված են», - ներկայացրեց Սերգեյ Հայրապետյանը։
Այդուհանդերձ, նրա խոսքով, վիճակն իդեալական չէ և կան որոշակի խնդիրներ։
«Աշխարհում իդեալական ոչինչ չկա, և մեր մասնագետները մի քանի թերություններ այդուհանդերձ հայտնաբերել են, օրինակ՝ «Երևան մոլ»-ում որոշ կրակմարիչների ժամկետն անցած է եղել և պետք էր լիցքը փոխել, տարհանման պլանների հետ կապված՝ պահանջվածից քիչ տեղերում են դրանք փակցված եղել։ Բացի այդ, տարհանման ելքի դուռը բացվել է այցեքարտի դեպքում, մենք նրանց ասացինք, որ տարհանման ելքի դուռը չպետք է փակ պահել՝ համենայնդեպս աշխատանքի ժամին։ Նրանք խոստացան լուծել խնդիրը, և մի քանի օրից մեր մասնագետները կստուգեն՝ արդյոք կատարել են խնդիրը, թե ոչ։ Մենք բոլոր թերությունների մասով կարգադրագիր ենք գրում, որ վերացնեն դրանք։ Մյուս խոշոր առևտրային կենտրոններում վիճակը շատ ավելի բարվոք էր, նույնիսկ անվտանգության մակարդակը բարձր էր», - ներկայացրեց ԱԻՆ պաշտոնյան։
Մասնագետը նաև կարևորեց օբյեկտներում աշխատողների մասնագիտական կարողությունների բարձր մակարդակը, քանի որ աշխատողների ոչ մասնագիտական գործողությունների հետևանքով կարող են լինել խնդիրներ։
Հիշեցնենք՝ ՌԴ Կեմերովո քաղաքում առևտրային խոշոր կենտրոնում մարտի 5-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, որից 41-ը երեխաներ են։ Տեղեկություններ են հաղորդվում նաև անհետ կորածների մասին։