27/03/2018 12:15
Կարևոր է, որ ադրբեջանցիները ձերբազատվեն իրականությունից հեռու լեզվաբանական վարժանքներից. ԱԳ նախարար
Միգուցե ադրբեջանցիները գտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները ստեղծագործական, կրեատիվ չէին, այլ ինչ-որ պրիմիտիվ առաջարկություններ էին. Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Ադրբեջանը հրաժարվում եռանախագահող երկրների կողմից արված առաջարկներից ու նրանց հայտարարություններում առկա սկզբունքներից։
«Այսինքն՝ նրանք իրենց իրավունք են վերապահում գնահատելու, թե որ առաջարկներն են կրեատիվ, որոնք՝ ոչ։ Սպասում են, մինչև այդ առաջարկություններն իրենց համար դառնան ընդունելի, կրեատիվ», - ասաց Էդվարդ Նալբանդյանը։
Նա նաև նշեց՝ կարևորն այն է, որ իրենք ձերբազատվեն իրականությունից շատ հեռու լեզվաբանական վարժանքներից և անդրադառնան կառուցողական դաշտ և իրականացնեն իրենց վրա վերցրած պարտավորությունները, հարգեն հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Միգուցե Ադրբեջանն իսկապես ի զորու չէ կառուցողական դաշտ վերադառնալ, և Ադրբեջանին պետք է վերադարձնել այդ կառուցողական դաշտ», - նկատեց Նալբանդյանը։