27/03/2018 18:45
Թատրոնների համար երբեք հեշտ չի եղել, բայց այսչափ դժվար էլ չի եղել. Երվանդ Ղազանչյան
Մարտի 27-ին թատերական հարթակները ամենամարդաշատն են՝ բազմաթիվ պարգևատրումներ, արտիստների գործունեությունը գնահատող մրցանակներ, ներկայացումների պրեմիերաներ ու ոլորտի հիմնահարցերը բաձրաձայնող ելույթներ: Ի վերջո, հենց այս՝ Թատրոնի միջազգային օրն է այդ ամենը մեկտեղելու հրաշալի ժամանակահատվածը:
ՀՀ Ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը հայ բեմի արտիստներին համարում է նվիրյալներ, ովքեր այս պայմաններում, այնուամենայնիվ, ծառայում են իրենց ընտրած գործին: Ինչպես նա է նկատում, հոգևորը վերջին, նյութն՝ առաջին պլանում է:
«Ճիշտ է, թատրոնների համար երբեք հեշտ չի եղել, բայց այսչափ դժվար էլ չի եղել: Սակայն մեր նվիրյալները՝ լինի Երևանում, Ստեփանակերտում, թե Թբիլիսիի հայկական թատրոնում, ծառայում են: Իհարկե, հիմա պետք է մի քիչ ավելի նվիրված ծառայել, ավելի լուրջ ու հետևողական լինել, որովհետև նյութը եկել է առաջին պլան: Ամեն ինչ արվում է նյութի համար», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց բեմադրիչը:
Նա հավատում է՝ կգա մի ժամանակ, երբ այս ամենը կկարգավորվի, հիմա ուղղակի պետք է չտրտնջալ ու չնահանջել, այլ շարունակել աշխատել, ստեղծել: Թող լինեն նոր պրեմիերաներ, բեմի վրա ծնվեն նոր արտիստներ: Ընդգծում է՝ ցանկությունը մեկն է՝ մի քիչ հավաքվեն ու այս անցումային շրջանը պատվով անցնեն:
Հարցին, թե որո՞նք են հայկական թատրոնի առջև ծառացած գերխնդիրները, Ե. Ղազանչյանը պատասխանեց.
«Հիմնական խնդիր չկա, թատրոնում միշտ էլ խնդիրները շատ են ու բարդ, պետք է այնպես անել, որ բոլորը լուծվեն: Ինչպես նշեցի, մարդկանց կյանքում առաջին տեղում նյութն է՝ բիզնես, բիզնես ու նորից բիզնես: Եթե մենք 3 միլիոն ենք, մարդկանց թվում է՝ կարող են 3 միլիոն բիզնես ներդնել այս հանրապետությունում: Բայց այդպես երբեք չի լինում: Գիտեք, աշխարհում որևէ թատրոն չկա, որ ինքնաբավ լինի, դրանք միշտ էլ օգնության կարիք ունեն՝ լինի՛ պետության, թե՛ մասնավոր հովանավորների: Վստահ եմ՝ այս շրջանն էլ կհաղթահարվի ու թատրոնի մարդը նորից կկարողանա մի քիչ ավելի ազատ շունչ քաշել»: