27/03/2018 16:16
Մշակույթի նախարարը Պետական կամերային երաժշտական թատրոնի կոլեկտիվին է ներկայացրել նոր տնօրենին (Լուսանկարներ)
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Պետական կամերային երաժշտական թատրոնի կոլեկտիվին է ներկայացրել նոր տնօրեն Հռիփսիմե Առաքելյանին, տեղեկացնում է նախարարությունը:
«Հռիփսիմե Առաքելյանի հետ աշխատանքային երկար փորձ ունենք և՛ լրատվության, և՛ կառավարման ոլորտներում: Շատ լավ ծանոթ եմ նրա ունակություններին, կոլեկտիվը համախմբելու, գործընկերներին ոգեշնչելու և առաջնորդելու կարողությանը: Ուրախ եմ, որ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց հենց Հռիփսիմեն, և վստահ եմ, որ կարճ ժամանակահատվածում Թատրոնը կվերագտնի իր երբեմնի դեմքը», - ասաց Արմեն Ամիրյանը:
Նա հույս հայտնեց, որ նոր տնօրենի հետ միասին կոլեկտիվը կձևավորի նոր դիմագիծ, նոր խաղացանկ ու Կամերային երաժշտական թատրոնի նոր տեսլականը:
Նախարարն իր երախտագիտությունը հայտնեց տնօրենի արդեն նախկին պաշտոնակատար Եղիշե Խերանյանին, ով կարճ ժամանակահատվածով՝ ըստ պայմանավորվածության, ստանձնել էր Թատրոնը ղեկավարելու պատասխանատվություը:
Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանները բարձրացրել են գեղարվեստական ղեկավար ունենալու անհրաժեշտության հարցը:
«Մոտ ապագայում գեղարվեստական ղեկավարի կամ գլխավոր ռեժիսորի հարց օրակարգում չկա: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նոր տնօրենը գնահատի Թատրոնում տիրող իրավիճակը, մթնոլորտը, նաև ձեզ հետ խորհրդակցելով, համատեղ ուրվագծելով այն պատկերը, որին ցանկանում է հասնել Կամերային երաժշտական թատրոնը: Տնօրենի հետ միասին նախ ինքներդ պետք է փորձեք հասկանալ՝ ի՞նչ քաղաքականություն եք մշակում Թատրոնում: Դրանից հետո միայն կորոշենք՝ պետք է ձեզ գեղարվեստական ղեկավար, թե ոչ: Չի՛ կարելի հրավիրել որևէ մեկին առանց այդ քաղաքականությունը հստակ պատկերացնելու», - ասաց Ամիրյանը:
Նախարարը վստահեցրեց, որ առաջիկայում հանգուցալուծում կստանա նաև Կամերային թատրոնի «հեռակա կառավարման» երկարամյա ու տարօրինակ պրակտիկան:
«Անընդունելի է, որ Թատրոնը գտնվում է քաղաքի մի ծայրում, իսկ տնօրինությունը՝ մյուս ծայրում:Այդպես չի՛ կարող շարունակվել: Տնօրենի հետ դուք գտնվելու եք ամենօրյա և ամենժամյա շփման մեջ, մշտապես զգալու եք նրա ներկայությունը հենց այստեղ՝ թատրոնում», - ասաց Ա.Ամիրյանը:
«Ես ունեմ բոլորիդ աջակցության կարիքը, և պատրաստ եմ լսել ու համատեղ քննարկել բոլոր առաջարկությունները: Ի պաշտոնե, իհարկե, իրականացնելու եմ մենեջերի գործառույթներ, բայց հեռու չեմ թատրոնից ու արվեստից: Փորձենք միասին հասկանալ և ուրվագծել Թատրոնի քաղաքականությունն ու առաքելությունը, որից հետո նաև լուծել մյուս խնդիրները», - թատրոնի կոլեկտիվին առաջարկեց նոր տնօրենը: