28/03/2018 13:43
Փաշինյանը թող իր գործընկերներին համոզի պայքարի ճշմարտացիության մեջ. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)
Արհեստական քաղաքական օրակարգ է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջարկած փողոցային պայքարի մասին:
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սահմանադրությամբ քաղաքական մեծամասնությունն է ընտրելու վարչապետի թեկնածու: Մեծամասնության 105 պատգամավորներից մեկը ես եմ, ու ի՞նչ պիտի անի, որ ես իմ կարծիքը փոխեմ: Պիտի բռնանա՞ իմ կարծիքի վրա», - նշեց նա:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը կարող է իշխանափոխություն անել, եթե 100 հազարավոր մարդիկ հավաքվեն փողոցում, Շարմազանովը հակադարձեց.
«120 հազար մարդ իրանց է ձայն տվել, 770 հազար՝ մեզ: Ինչի՞ շուրջ պիտի սկսի իշխանափոխությունը: Իշխանությունը ո՞վ է ձևավորել: Դուք հավատո՞ւմ եք ձեր ասածին. 100 հազարով մարդիկ սկի Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ դուրս չեն եկել, հիմա՞ պիտի դուրս գան կեղծ քաղաքական օրակարգի համար»:
Շարմազանովը նաև նկատեց, որ «Ելք»-ի առնվազն մեծամասնությունը չի միանում Փաշինյանին. «Փաշինյանը նախ թող իր գործընկերներին համոզի իր պայքարի ճշմարտացիության մեջ»:
Aysor.am-ի դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 9-ից 17-ը Հայաստանը մնալու է առանց վարչապետի և իշխանությունը «քցած է լինելու փողոցում», ով ցանկանա կարող է վերցնել, Շարմազանովը նշեց, որ այս հայտարարությունը կոռեկտ չէ և կտրված է իրականությունից:
«Կարող է իր ֆրակցիայի իշխանությունն է փողոցում գցած լինելու, պետական իշխանությունը փողոցում գցած չի լինելու: Այն լինելու է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի ձեռքում», - նկատեց նա:
Վերջինս նաև ասաց, որ ՀՀԿ-ն չի ակնկալում՝ վարչապետի իր թեկնածուն բոլորի համար ընդունելի պիտի լինի, բայց ժողովուրդն ինքն է նրան քվե տվել վարչապետ ընտրելու:
«Ուզում են իրենք որոշեն, թե ով կլինի վարչապետ ու փոխվարչապետ, թող 2020 թ-ին հաղթեն, գան ու ում ուզում են նշանակեն վարչապետ, դա իրենց իրավունքն է: Մենք չենք հավակնում բոլորին դուր գալ ու չենք հավակնում, որ մեր թեկնածուն բոլորի սրտով լինի, մենք ապրում ենք բազմակուսակցական համակարգում: Ժողովուրդն է որոշել իր քվեարկությամբ: Բնական է, կարող է մարդիկ էլ իրենց ընդդիմադիր զանգվածով դուրս գան փողոց, բայց դա չի նշանակում, որ ով բարձր գոռա, մենք պիտի ասենք՝ վայ կներեք, մեր իրավունքը տալիս ենք ձեզ», - հավելեց նա: