28/03/2018 13:02
Ֆինանսները չհերիքելու հատկություն ունեն. տանն էլ, արձակուրդի ժամանակ էլ, բոլոր ժամանակներում էլ. Սերժ Սարգսյան
Պետք է օպտիմալացնել եղած միջոցները, սա ուղղակի հրամայական է մեր գիտության զարգացման համար, Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«ԳԱԱ Ռադիկ Մարտիրոսյանն ինձ հետ զրույցում ասում է, թե շատ չեն մեր գիտնականները։ Այո՛, շատ չեն, խնդիրը քանակի մեջ չէ, խնդիրը եղած մարդկանց արդյունավետ աշխատանքի մեջ է։ Հարցն այսպես է դրվում, եթե Հայաստանում 20 000 գիտնական էլ լինի, էլի ես չեմ ասի, թե շատ է։ Կրկնում եմ, հարցը 20 000-ը չի, հարցը մի քանի հազարի արդյունավետ աշխատանքն է։ Երբ, ի վերջո, կհասնենք այն արդյունքին, ինչ ակնկալում ենք, կարծում եմ՝ կառավարության կողմից հավելյալ միջոցներ կտրամադրվեն», - ասաց նախագահը։
Նա նշեց, թե միշտ էլ պատրաստ են եղել և հիմա էլ պատրաստ են ցանկացած միջոց տրամադրելու, եթե կան կոնկրետ ծրագրեր.
«Եթե ապացուցված է, որ այդ ծրագրերն արդիական են, մշտապես պատրաստ ենք միջոցներ գտնելու»։
Երկրի ղեկավարն ասաց, թե շարունակելու են ծրագրային ֆինանսավորումը։
«Այլ մարմինների աշխատանքից գիտեմ, որ բոլորը դժգոհ են իրենց ֆինանսավորումից, բոլորը համարում են, որ իրենց մասնաբաժինը քիչ է։ Միայն Հայաստանում չէ այդպես, նույնիսկ այն երկրներում, որտեղ հասել են բարեկեցության շատ բարձր աստիճանի, գիտության հսկայական ֆինանսավորման, էլի բոլորն ասում են, որ ֆինանսավորումը քիչ է։ Այդպես է։ Ֆինանսներն այդ՝ չհերիքելու հատկությունն ունեն։ Եվ ոչ միայն գիտության, տանն էլ, արձակուրդի ժամանակ էլ, բոլոր ժամանակներում էլ ֆինանսը չի հերիքում, եղածով պետք է կարողանանք առավելագույնի հասնել», - ասաց Սերժ Սարգսյանը։