28/03/2018 19:20
Հրանտ Թոխատյանը, Վահրամ Սահակյանը, Ռաֆայել Ղազանչյանը, Անդրանիկ Հարությունյանը և այլք նոր՝ ինտերնետ թիվիում՝ ինքնատիպ նախագծերով. մանրամասնում են հիմնադիրները
Սիրված ֆիլմեր, արտ հաուս, վավերագրական ֆիլմեր, օրիգինալ զվարճալի տեսահոլովակներ, քաղաքական-տնտեսական վերլուծական նախագծեր, բացառիկ համերգային ծրագրեր. այս ամենն այսօրվանից աշխարհին առաջարկում է ժամեր առաջ ինտերներտ տիրույթում մեկնարկած AREV.TV-ին, որը հիմնադրել են հեռուստապրոդյուսեր Ռուբեն Թումանյանն ու կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: TV-ն ունի և՛ վճարովի, և՛ անվճար բաժիններ: Երկրորդ հատվածը յուրաքանչյուրի ամսական ծախսն ավելացնում է 1700 դրամով: Ի դեպ, բոլոր նախագծերի առաջին թողարկումները անվճար հասանելի են:
Ինտերնետ TV-ի շնորհանդեսի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Գրիգորյանը նկատեց՝ AREV-ը ուղիղ իմաստից զատ նաև հապավում է՝ Armenian Exclusive Videos: AREV-ի արտադրանքն ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չի լինի գտնել: Ռուբեն Թումանյանն էլ նկատեց՝ աշխարհում տարածված երևույթ է՝ հեռուստատեսությունը տեղափոխվում է ինտերնետ հարթակ, ու մենք էլ պետք է այդ ամենից հետ չմնանք:
Բանախոսների կազմում էին բոլոր նրանք, ովքեր յուրօրինակ և ինքնատիպ նախագծերի միջոցով հետաքրքիր ու բովանդակային կդարձնեն առաջին հայկական վճարովի ինտերնետ թիվին: Նրանցից յուրաքանչյուրը առանձին-առանձին ներկայացրեցին իրենց արտադրանքը: Ո՞վ և ի՞նչ մասնակցություն ունի AREV.TV-ում՝ ծանոթացեք ստորև:
Վահրամ Սահակյան՝ ՎԱHՐԱՄ.ONLINE բլոգ. online հարթակում սուր հումորով ժամանակակից դրամատուրգը քննադատում է հայկական քաղաքական-տնտեսական ներկան ու սոցիալական-հասարակական իրավիճակը.
«Հուսով եմ՝ AREV.TV-ի շնորհիվ Հայաստանում կձևավորվի այն կուլտուրան, որ մարդիկ թեկուզ չնչին գումար ծախսելով՝ միջազգային համապատասխան կայքերում գտնեն իրենց հետաքրքրող ֆիլմերը, տեսանյութերն ու երգերը, և ոչ թե յութուբից լսեն խոտան, վատորակ երաժշտություն: Հավատացեք, խնդիրն այդ 3-4 դոլարը չէ, այլ՝ մտածողությունը: Ես նոր նկարած վիդեոներ ունեմ, որոնք երբեք չեմ դնի բարձիթողի ինտերնետում, որպեսզի ամեն տեսակ թափթփուկ տակն ինչ ասես գրի: Ես չեմ սիրում այդ միջավայրը, դա բոշայական տեղ է»:
Հրանտ Թոխատյան՝ Խոսքը՝ փոքրին. Փոքր մարդիկ` մեծ մտքերով, Հրանտ Թոխատյանի հետ խոսում են հայրենիքի ապագայի մասին: Իսկ նախարարները ուշադիր լսում են նրանց առաջարկները.
«Սա մանկական այն ֆորմատն է, որի մասին վաղուց էի երազում: 60 տարիներիս ընթացքում հասկացա, որ ամենաճիշտը մեծերից հնարավորինս խուսափելն ու երեխաների հետ աշխատելն է: Ամեն անգամ երեխաների հետ ինչ-որ թեմա ենք ընտրում ու քննարկում: Վերջում էլ զանգահարում ենք տվյալ ոլորտի որևիցե պատասխանատուի: Եթե մի օր էլ հարց լինի Հանրապետության նախագահին կամ վարչապետին՝ կփորձենք նրանց էլ զանգել: Ասեմ, որ երեխաների հարցերը բավականին անկեղծ ու շատ ազատ են, ու պատասխանողներն ընկնում են անհարմար իրավիճակի մեջ: Մեկ մեկ ստացվում է տակից դուրս գալ, մեկ-մեկ՝ ոչ»:
Ռաֆայել Ղազանչյան՝ ՌԱֆինադ. Անկեղծ, էքսկլուզիվ հարցազրույցներ հայտնի ու հետաքրքիր մարդկանց հետ.
«Իմ հյուրերի հետ զրույցը արհեստական բնույթ չի կրում, մենք անմիջական ու բաց զրույց ենք վարում: Հայաստանում նման ֆորմատի հարցազրույցներ չենք տեսել: Սա այն ֆորմատն է, որը, կարծում եմ, յուրաքանչյուր հեռուստաընկերություն կցանկանար ունենալ, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ չի կարող: Հիմնական բարդությունն այն է, որ իմ հյուրերի շարքում նաև իմ ընկերներն են լինում, ու պետք է կարողանամ անկողմնակալ լինեմ ու այնպիսի թեմաներ բարձրացնեմ, որոնց մասին գուցեև չի ցանկանա խոսել: Բայց այնպես էլ չի, որ մտադրված ենք հյուրին «ցեղը մտցնել»՝ բարձրացնելով ծրագրի ռեյտինգը: Եվ որ ամենակարևորն է՝ հանդիպում ենք այն վայրերում, որը նրանց է հոգեհարազատ ու հարմար՝ իրենց տանը, ստուդիայում կամ մեկ այլ վայրում: Խոսում ենք ինչի մասին ու ինչպես ուզում ենք՝ նստած, պառկած կամ ճաշելիս: Քաղաքական գործիչը կարող է արվեստից խոսել, մտավորականը՝ քաղաքականությունից: Ի դեպ, շատ դեպքերում նրանք շատ հետաքրքիր մտքեր են տալիս, ու եթե հայտնվեն քաղաքականության մեջ՝ Հայաստանում շատ բան կփոխվի… դեպի լավը»:
Անդրանիկ Հարությունյան՝ ՓՈՐՁԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԻ. դերասանն իր սեփական մաշկի վրա է զգում հայկական «փորձը փորձանք չէ» ասացվածքի հետևանքները։ Ռաֆայել Ղազանչյանը նույնպես Անդրանիկ Հարությունյանի մաշկի վրա է զգում ոչ միայն այս, այլ նաև մնացած բոլոր հայկական ասացվածքների և խրատների ծանր հետևանքները:
«Այն, ինչ կտեսնեք մեր եթերում, պետք չէ կրկնել տանը: Դե, օրինակ, բոլորս էլ գիտենք, որ չի կարելի պաղպաղակ ուտել ու վրայից գարեջուր խմել, բայց դա մենք արել ենք՝ փորձելու համար: Դա, իսկապես, շատ տհաճ երևույթների է հանգեցնում: Հա, էն էլ ասեմ, թե ինչու AREV.TV՝ տղաներին խնդրեցի, տատիկիս անունը դրեցին», - կատակեց Անդրանիկը:
Սերոբ Օհանյան և Արման Աբովյան՝ Փոքր երկիր. քաղաքական-սոցիալական վերլուծական նախագծում նրանք քննարկում են ցանկացած տեսակի մեծ խնդիր, որը վերաբերում է մեր փոքր երկրին՝ Հայաստանին:
«Սա ռուսերեն լեզվով է, քանի որ սովորաբար մենք փակվում ենք մեր հայալեզու տիրույթում ու հասանելի չենք դառնում աշխարհին: Մեր նպատակն է, որ օտարազգիները լսեն և հասկանան այն խնդիրներն ու դրանց պատճառները, որոնց մասին խոսելու ենք: Իսկ խոսելու ենք ոչ միայն ներքին խմորումների, այլ՝ ամեն ինչի մասին», - նշեց Արման Աբովյանը:
Սերոբ Օհանյանանն էլ հավելեց. «Պետք է հասնենք այն մարկարդակի, որ մեզ լսեն: Փառք Աստծո, երկար ժամանակ Մոսկվայում, Կիևում և այլ երկրներում աշխատելը բերեց նրան, որ մեր ընկերների ու գործընկերների միջոցով այս խոսքը հասցնենք դուրս: Այլ հարց է՝ կպատասխանեն, թե՞ ոչ»:
Լիլիթ Թոխատյան՝ Հանդիպում մանկության հետ. հայտնի մարդկանց մանկության սերերի, մանկական խաղերի, հայրական ապտակների ու մեծական բարդույթների մասին է:
«Իմ հյուրերն են ինձանից տարիքով մեծ մարդիկ, որոնց հետ խոսում ենք մանկության մասին: Շատ հետաքրքիր պատմություններ եմ լսել ու ինձ համար բազմաթիվ խաղեր բացահայտել: Ասեմ ավելին՝ փորձել եմ այդ խաղերը խաղալ: Այս հաղորդումը շատ կհետաքրքրի ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: Ինձ շատ հետաքրքիր են տարիներ առաջվա մանկական հետաքրքրությունները»
Startup երկիր՝ Նատալիա Բուկովսկա. լեհ տնտեսագետ-վերլուծաբանն իր բլոգում պատմում է, թե ինչպես բիզնես դնել Հայաստանում և աշխարհում, խոսում է համաշխարհային էկոնոմիկայի ընդհանուր տենդենցներից և օրենքներից ընդհանրապես, ինչպես նաև խորհուրդ է տալիս, թե ինչպես ճիշտ ներկայացնել ձեր բիզնեսը Հայաստանում:
«Անհրաժեշտ է, որ ամեն մարդ կարողանա գլուխ հանել այնպիսի դժվար բաներից, ինչպիսիք են ֆինանսներն ու տնտեսությունը: Գոնե այնքանով, որ կարողանան հասկանալ՝ ո՞ւր գնալ և ի՞նչ գնել: Որպես հասարակություն, մենք պետք է կարողանանք ճիշտ դիրքորոշում ունենալ: Ես վարդագույն ակնոցներ չեմ կրում, բայց Հայաստանում ապրելով 4 տարի՝ թեև տեսնում եմ և շատ այնպիսի բաներ, որոնք պետք է շտկել, բայց նաև նկատում եմ՝ դրականը քիչ չէ: Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է»:
Ի դեպ, AREV.TV-ի դռները բաց են բոլոր այն ստեղծագործողների համար, ովքեր ցանկանում են նոր ու հետաքրքիր առաջարկներով հանդես գալ: Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պնդմամբ՝ սահամանափակումները երկուսն են՝ անտաղանդությունն ու մեղմ ասած՝ տափակությունը: Ստեղծագործական թիմի հետ որպես երաժիշտ համագործակցում է նաև DJ Սերժոն: