28/03/2018 11:53
Սպառազինություն գնելու հարցում Հայաստանը շարժվելու է իր շահերով՝ անկախ ԱՄՆ պատժամիջոցներից. Դավիթ Փախչանյան
Սպառազինության գնումների հարցում Հայաստանը ելնելու է իր շահերից՝ անկախ ՌԴ-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցներից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ փոխնախարար, ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախազգուշացնող հայտարարությանը, որ ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ «նշանակալի գործարքները» ևս ընկնելու են պատժամիջոցների ռիսկի տակ:
«Իհարկե, պատժամիջոցները խնդիր են, բայց մենք ունենք մեր անվտանգությունը ապահովելու հարց և այդ հարցում մենք ելնելու ենք առաջին հերթին մեր շահերից», - ասաց ՊՆ փոխնախարարը։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադարնալով լուրերին, թե ԱՄՆ-ն ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին, ասել էր.
«Ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են: Չափազանցվում է այն վտանգը, որը որ կա, բայց դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել, պետք է անընդհատ հետևել», - ասաց փոխնախարարը:
Նա ընդգծել էր, թե չկա հասունացած հարց, որը պահանջի թե ռուսաստանյան, թե ամերիկյան կողմի հետ բնակցություններ:
Հարցին, թե պատժամիջոցների ներքո հայտնված ռազմաարդյունաբերական ըներությունների առկայությունը կարո՞ղ է ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագոծակցության վրա, արտգործնախարարի տեղակալը կոչ արեց առաջ չընկնել:
«Մենք հետևում ենք իրավիճակին և շահագրգիռ ենք պահպանել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխգործակցության դաշտում, որը մեր անվանգության կարևոր բաղադրիչն է», - ասաց նա:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին. «Եղել է ծանուցում այլ երկրների կառավարություններին եւ մասնավոր ընկերություններին, որ ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ կնքված նշանակալի գործարքների դեպքում՝ հնարավոր է պատժամիջոցների կիրառում: Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան եւ եթե այդպիսիք կան»: