30/03/2018 15:41
Նախքան Բաքու մեկնելը չէի կարծում, որ ԵՄ քաղաքացին կարող է խնդիր ունենալ սահմանը հատելիս. Կարինե Հովհաննիսյան
Հայկական ծագմամբ Էստոնիայի քաղաքացի, Տալլինի քաղաքային խորհրդի անդամ Կարինե Հովհաննիսյանը չէր ենթադրում, որ, չնայած հայկական ազգանվան, Եվրամիության քաղաքացին կարող էր ինչ-որ խնդիրների բախվել Ադրբեջան մուտք գործելիս:
«Ես Էստոնիայի քաղաքացի եմ: Նախքան Բաքու մեկնելը, չէի ենթադրում, որ Եվրամիության քաղաքացին կարող է խնդիրներ ունենալ սահմանը հատելու ժամանակ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ինքը երբեք չի եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ծնվել է Էստոնիայում:
Կ.Հովհաննիսյանը պատմել է, որ Բաքու էր մեկնել՝ «մարդասիրական մանկավարժության միջազգային գիտաժողովին» մասնակցելու համար:
Վիզա նա ստացել է էլեկտրոնային տարբերակով:
Խնդիրները սկսվել են Բաքվի օդանավակայանում՝ անձնագրային ստուգման ժամանակ:
«Բանավոր ինձ տեղեկացրել են, որ խնդիրն իմ ազգանունն է: Երկիր ինձ չթողնելու մասին ասել են օդանավակայանում գտնվելուց 10 ժամ հետո՝ հետադարձ չվերթից մեկ ժամ առաջ: Տեղեկությունը ստացվել է Բաքվում Էստոնիայի ներկայացուցչության կողմից: Սահմանային ծառայության կողմից վերաբերմունքը նորմալ էր», - ասել է Կ.Հովհաննիսյանը:
Միևնույն ժամանակ, նա մտադիր չէ որևէ միջոցներ ձեռնարկել:
«Այս պահի դրությամբ այդ միջադեպն ինձ համար սպառված է», - ասել է Հովհաննիսյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանի իշխանությունները մարտի 23-ին թույլ չեն տվել Կարինե Հովհաննիսյանին հատել Ադրբեջանի սահմանը, որտեղ նա ժամանել է պատվիրակության կազմում մանկավարժների Միջազգային գիտաժողովին մասնակցելու համար:
Կատարվածի առնչությամբ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է.
«Այս վարքագիծը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների ռասիստական, անհանդուրժողական բնույթը։ Հակահայ քաղաքականությամբ ներծծված Բաքուն հերթական անգամ ցինիկ վերաբերմունք է ցուցաբերում իր համար այդքան խորթ եվրոպական արժեքների նկատմամբ։ Հուսով եմ էստոնական կողմը հետևություններ կանի և համարժեք կարձագանքի այս նողկալի պատմությանը՝ պաշտպանելով իր քաղաքացու շահերը։ Եվրոպական կառույցները նույնպես անտարբեր չպետք է մնան, քանի որ Էստոնիան ԵՄ անդամ պետություն է և Կարինե Օգանեսյանը ԵՄ քաղաքացի է։
Եվ ընդհանրապես, եթե որևէ երկիր ի վիճակի չէ տարաբնույթ դրդապատճառներից ելնելով միջազգային գիտաժողովներին հրավիրված բոլոր մասնակիցներին և նրանց ուղեկցող անձնակազմին ընդունել, ապա լուրջ վերանայման պետք է ենթարկել տվյալ երկրում նմանատիպ միջոցառումների անցկացման նպատակահարմարությունը»։