02/04/2018 12:54
Աբրահամ Խաշմանյանը հեռացավ «Ալաշկերտ»-ից
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» (0:1) խաղից հետո տեղի ունեցած ժողովի ընթացքում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանի կողմից:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարուժան Սուքիասյանը, «Ալաշկերտում» Սուքիասյանին կօգնի Կարեն Բարսեղյանը:
Վարուժան Սուքիասյանը տարբեր տարիներին գլխավորել է ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականները, Բեյրութի «Հոմենմենը», ինչպես նաև` «Արարատը», «Լոռին», «Բանանցը», «Վանը», «Կոտայքը», «Ցեմենտը», «Արաքսը», «Սպարտակը» և «Իմպուլսը»:
Սուքիասյանի գլխավորությամբ «Արարատը» դարձել է 2008 թ. ՀՀ Գավաթակիր և առաջնության արծաթե մեդալակիր: «Բանանցի» հետ Սուքիասյանը նվաճել է ՀՀ Գավաթը, առաջնության արծաթե և բրոնզե մեդալները, «Ցեմենտի» հետ երկու անգամ հաղթել է Գավաթի խաղարկությունում, մեկական անգամ նվաճել է առաջնության ոսկե և բրոնզե մեդալները: «Արաքսը» փորձառու մարզչի օրոք նույնպես նվաճել է չեմպիոնական տիտղոսը:
Կարեն Բարսեղյանը գլխավորել է «Ուլիսը» և Հայաստանի երիտասարդական հավաքականը, աշխատել է «Արարատում», «Ալաշկերտում», Հայաստանի ազգային հավաքականում: Բարսեղյանի նախորդ ակումբը «Գանձասար-Կապանն» էր, որի գլխավոր մարզչի պաշտոնը նա լքեց օրեր առաջ: