02/04/2018 16:07
Հիշողություններն անընդհատ հետապնդում են ինձ. Ապրիլյան պատերազմի հերոս Հարություն Բադալյանը դարձավ 22 տարեկան
Կրտսեր սերժանտ Հարություն Բադալյանն, ով 2016 թվականի ապրիլը սեփական աչքերով է տեսել՝ ոչնչացնելով հակառակորդի մեկ դիրք, երեկ՝ ապրիլի 1-ին, դարձավ 22 տարեկան: Aysor.am-ի հետ զրույցում մեր կողքին ապրող հերոսը նկատեց՝ թեև շատերի համար ապրիլյան պատերազմն ամսի 2-ից է սկսվել, սակայն տարօրինակ զուգադիպությամբ պատերազմական ապրիլն իր համար ամսի 1-ից է մեկնարկել: Հենց իր 20-ամյակի օրը Հարություն Բադալյանը դիպուկահարի կրակոցի արդյունքում կորցրեց մտերիմ ընկերոջը՝ Վլադիմիր Մելքոնյանին:
«Չնայած իմ ծննդյան օրն է, բայց մեկտեղ ինձ համար ամենադաժան օրն է ապրիլի 1-ը: Վլեի (Վլադիմիր) հետ միասին ծառայել ենք, հաց ենք կիսել ու հիմա նա չկա… Երեկ օրս անցկացրել եմ հարազատներիս ու ընկերների միջավայրում, փորձել ցրվել, բայց միևնույն է՝ հիշողություններն անընդհատ հետապնդում են ինձ», - հավելեց մեր զրուցակիցը:
Արդեն երկու տարի է՝ ավանդույթ է դարձրել՝ ապրիլի 1-ի երեկոյան՝ ժամը 22:00-ից հետո, Եռաբլուր է գնում՝ ավագ ու տարեկից ընկերներին տեսակցության: Նկատում է՝ կան տղաներ, որոնց գուցե պատերազմից առաջ կամ ընթացքում չես ճանաչում, բայց եթե նույն ճանապարհն եք անցել, նույն գաղափարն եք կիսում՝ դառնում եք հոգեհարազատ, մարտական ընկերներ:
«Եռաբլուրում բոլորն էլ ինձ համար հարազատ մարդիկ են, բայց Հայկ Թորոյանի ու Սասուն Մկրտչյանի հետ անմիջական շփում եմ ունեցել, Թալիշում էինք ծանոթացել… Ես երբեք որևէ մեկին չեմ առաջարկում կամ հրավիրում ինձ հետ գալու, ովքեր գիտեն այդ օրվա մասին, զանգում են, ասում, որ ուզում են ինձ միանալ: Երեկ ինձ միացան հորաքրոջս տղան, ընկերներս, Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորը, ուսանողական խորհրդի նախագահը, քոլեջի տնօրենը, իմ հարևանը… Նույն բակում ինձանից ավագ ընկեր ունեմ, որ պետք է երեկ Ռուսաստան մեկներ, բայց կողքիս գտնվելու համար՝ թռիչքը հետաձգեց», - նշեց Հարությունը:
Մեր կողին ապրող պատերազմին մասնակից ընկերների հետ էլ շարունակվում է շփվել: Անուն առ անուն նշում է՝ Շուլին, Ռաֆոն, Գևորգը, Ռազմիկը… Շատ ու շատ տղաներ կան.
«Մենք հանդիպելիս տարբեր թեմաներից ենք խոսում, քառօրյայի վրա շատ չենք կենտրոնանում: Թեև, շրջանցել էլ չենք կարող, մերն է՝ մեր ապրածը, զգացածը, կորցրածն ու հաղթանակածը: Մեր բանակը»:
Շատերն անգամ իրենց 90 տարիների ընթացքում լուրջ դժվարությունների չեն հանդիպում, սակայն 22-ամյա Հարություն Բադալյանը կյանքի ընդամենը 2-րդ տասնամյակում ճաշակեց ամենասարսափելին՝ մահը սեփական աչքերով տեսնելը: Խոստովանում է՝ պատերազմն իրեն առավել հասունացրել ու ամրացրել է, նոր գաղափարներ ներարկել, բայց նման ճանապարհով ձեռքբերված հասունություն չէր ցանկանա:
Ադրադառնալով 2016-ի ապրիլյան համախմբվածությանը՝ մերօրյա հերոսը նկատեց՝ քաղաքացիների մեջ միասնականությունն այսօր մի քիչ թուլացել է, սակայն բանակում պահպանվել է: Հարցին՝ ե՞րբ է վերջին անգամ եղել Արցախում, պատասխանեց.
«Ինչ վերադարձել եմ, Արցախ չեմ գնացել, ու հիմա սպասում եմ արձակուրդային շրջանին, որպեսզի մեկնեմ: Արցախ մտնելիս առաջինն իմ դիրք եմ բարձրանալու՝ Թալիշ, հետո՝ զորամաս»:
Այսօր՝ ապրիլի 2-ը, Հարություն Բադալյանը տանն է անցկացնում՝ փորձելով մտքերը շեղել հիշողություններից: Թեթևակի ժպտալով ինքն իրեն ու մեզ հավատացնում է՝ 2016-ի ապրիլից լավ բաներ էլ կան հիշելու՝ հաղթել ու էլ ավելի միասնական ենք դարձել:
Ծննդյան միայն մեկ երազանք ու նպատակ ունի՝ երբևիցե չհանձնվել ու ավարտին հասցնել ընկերների նպատակը, որն իր մեջ է ապրում: