03/04/2018 13:32
«Բուրգեր Քինգ»-ում պայթյունից տուժածներից ևս մեկը դուրս է գրվել. վաղը դուրս կգրվեն նաև ՌԴ երեք քաղաքացիները
Երեկ Հյուսիսային պողոտայում «Բուրգեր Քինգ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների վիճակը բավարար է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ 8 վիրավորներից երկուսն արդեն դուրս են գրվել։
«Դուրս են գրվել Իրանի քաղաքացիներ Էրիկ Աշուղյանն ու Զեյնաբ Հուսեինին», - ասաց Գ. Մանուկյանը։
ԲԿ-ի փոխտնօրենն ասաց, որ վաղը դուրս կգրվեն նաև պայթյունից տուժած ՌԴ երեք քաղաքացիները։
Գագիկ Մանուկյանի փոխանցմամբ՝ երեկ վիրահատված 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակը կայուն ծանր է՝ դրական դինամիկայով։
Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին՝ ժամը 20:44-ին, ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Խոհանոցում պայթել էր թթվածնի բալոն, մարմնական վնասվածքներ էին ստացել 8 մարդ՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ), ովքեր տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: