03/04/2018 14:40
Այս տարիքի հետ 2 մեծ նպատակ ունենք. Մարինա Մարտիրոսյանը՝ ծննդյան օրը չնշելու պատճառների ու երազանքների մասին
Վերջին տարիներին Մոսկվայում բնակվող պարուհի, հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանը երեկ նշում էր ծննդյան տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը խոստովանեց՝ բարդույթներ չունի ու երբեք չի հասկանում այն մարդկանց, ովքեր թաքցնում են իրենց տարիքը՝ պատճառաբանելով՝ կնոջից տարիք չեն հարցնում:
«Ես դարձա 38 տարեկան, բայց ինձ զգում եմ շա՜տ ավելի երիտասարդ: Ի վերջո, մարդու իրական տարիքն այնքան է, որքան ինքն իրեն զգում է», - նշեց մեր զրուցակիցը:
Սա արդեն 3-րդ տարեդարձն է, որ Մարինան ապրիլի 2-ին իր միջավայրը տոնական չի դարձնում: Դրա համար հստակ պատճառներ ունի՝ սկսած 2016 թվականից այդ օրը տոն ընկալել չի կարելի:
«Ցավոք, ապրիլյան պատերազմում մեր խաղաղության համար իրենց կյանքը զոհած հերոսներին այլևս hետ չենք բերի: Իսկ տարեդարձս նշել դեռ կհասցնենք, թեկուզ, մի քանի օր ուշ: Ինձ համար բոլորովին սկզբունքային չէ հենց այդ օրը նշելը, հատկապես, որ Մոսկվայում ապրիլի 2-ը աշխատանքային օր էր», - նկատեց նա:
Այնուամենայնիվ, անակնկալների պակաս հոբելյարը չունեցավ. սմուսնու կեսգիշերային համբույրով մեկնարկվեց գեղեցիկ շնորհավորանքների շարքը, առավոտյան էլ պարուհու բալիկներն ու Հայաստանից այցելած մայրը նրան ուրախացրին:
«Բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ եմ ստացել իմ ընկերներից, բարեկամներից, ծանոթ ու անծանոթ մարդկանցից: Նաև, երեկ ամուսինս ինձ համար անակնկալ էր արել՝ գնելով և առաքիչի հետ մեր տուն ուղարկելով իմ իսկ նախընտրած բազմոցը: Բայց ասեմ, որ իմ ամենամեծ նվերը մայրիկիս՝ այս օրերին կողքիս գտնվելն է, քանի որ նա Հայաստանում է ապրում: Շատ կցանկանայի, որ սկեսուր մայրիկն էլ այստեղ լիներ... Ընդհանրապես, շատերին կուզենայի կողքիս տեսնել», - ընդգծեց օրվա հերոսուհին:
Պարուհի-հաղորդավարուհին նախորդ սեպտեմբերից Հայաստանի հանրային ռադիոյի Մոսկովյան թղթակիցն է: Վերջին անգամ հայրենիքում շուրջ երկու ամիս առաջ է եղել, հաջորդ այցելությունը պատրաստում է ամռանը:
«Փետրվարին մի քանի օրով Հայաստան էի եկել. բոլորով հավաքվել էինք սկեսուր մայրիկիս հոբելյանը նշելու: Ինձ հետ նաև Հանրային ռադիոյի համար ռեպորտաժ էի բերել: Աստծո հաջողությամբ՝ մի քանի ամսից նորից այդտեղ կլինենք», - վստահեցրեց նա:
Հարցին՝ ի՞նչ նպատակներ ու ցանկություններ է կապում 38-ի հետ, մեր զրուցակիցը ժպիտով պատասխանեց.
«Այս տարիքի հետ 2 մեծ նպատակ ունենք, բայց դրա մասին չեմ ցանկանա բարձրաձայնել: Թող լինի, առաջինը դուք կիմանաք… Ցանկությունս մեկն է՝ առողջ լինեմ, որպեսզի կարողանամ մշտապես առույգ և տոկուն լինեմ ընտանիքիս համար: Իմ սիրած գործով զբաղվում եմ, կցանկանայի ավելի մեծ հաջողությունների հասնել: Եվ ավելի շատ արևոտ օրեր կցանկանայի Մոսկվայում»: