05/04/2018 13:11
Արցախում Մարաղայի ջարդերի հերթական տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն
Ապրիլի 10-ին՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից 1992 թվականին իրականացրած Մարաղայի ջարդերի հերթական տարելիցին նվիրված, ժամը 17:00-ին, Արցախի բոլոր շրջկենտրոններում կցուցադրվի «Մարաղա. 10 ապրիլի, 1992» փաստավավերագրական ֆիլմը, որին կհաջորդի մոմավառություն՝ ի հիշատակ անմեղ նահատակների:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Անի Կապլանյանը՝ մանրամասնելով, որ այդ օրը ֆիլմը կցուցադրվի նաև ուսումնական հաստատություններում:
«Մարտակերտում ժամը 11:00-ին կլինի ծաղկեպսակադրում Մարաղայի անմեղ զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթողին, իսկ 11:30-ին՝ գրական-գեղարվեստական հուշ-ցերեկույթ հուշարձանի մոտ: Շուշիում ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա ժամը 16:30-ին՝ մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում, որից հետո, ի հիշատակ Մարաղա գյուղում զոհվածների, կկազմակերպվի երթ դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի», - ավելացրել է Ա. Կապլանյանը։