06/04/2018 09:40
«Ժողովուրդ». Արմեն Ամիրյանը Երևանում հյուրանոց է կառուցում
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառել է իրեն պատկանող գույքը: Եվ հիմա այդ գործարքից ստացված գումարով նախարարը Ռադիոտան շենքի հետնամասում հյուրանոցային համալիր է կառուցում: Ասել է թե, Ամիրյանը, որ համարվում էր չվարկաբեկված անձնավորություն, իշխանական աղտոտ վարքուբարքից հեռու, որոշել է օգտագործել պաշտոնը՝ բիզնես անելու համար:
Թերթը տեղեկությունը փորձեց պարզել նախարարից, ինչին ի պատասխան` Արմեն Ամիրյանը հայտնեց. «Մի քանիսը չեմ վաճառել, մեկն է, հյուրանոցային համալիր չէ, փոքրիկ հյուրանոց է, որի նպատակն է ներդրում կատարել Հայաստանում»:
Մեր այն հարցին, թե արդյոք ճիշտ է, որ նախարարը զբաղվում է բիզնես գործունեությամբ, Արմեն Ամիրյանը պատասխանեց, թե ինչով պետք է խանգարի. «Ինչ կապ ունի դա նրա հետ»:
«Չնայած, եթե անկեղծ լինենք, պետք է արձանագրենք, որ Արմեն Ամիրյանը պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ անց անդամագրվեց ՀՀԿ-ին, ասել է թե, մաս կազմեց Հայաստանը տարիներ շարունակ քայքայած կուսակցությանը, ու հիմա նրա բիզնես գործունեությունն ամենևին էլ զարմանալի չպիտի թվա», - գրում է թերթը: