06/04/2018 16:54
Հռոմը չի պատրաստվում ԼՂ հարցով բանակցությունների այլ ձևաչափ քննարկել
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ, որի ժամանակ անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:
Ընդգծելով, որ Հայաստանն աջակցում է 2018թ. ԵԱՀԿ-ում իտալական նախագահության առաջնահերթություններին՝ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ սկզբունքներին համահունչ՝ Իտալիայի հավասարակշռված մոտեցումը հիմնախնդրի կարգավորման հարցում, ինչպես նաև աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին ու նրանց մոտեցումներին:
Իտալիայի նախագահն շեշտել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ լուծմանը և չի պատրաստվում բանակցությունների այլ ձևաչափ քննարկել՝ հույս ունենալով, որ կազմակերպությունը հակամարտող կողմերի հետ միասին կգտնի լուծման ճիշտ ճանապարհ, և հիմնախնդիրը փոխզիջումների ճանապարհով հնարավորինս շուտ կլուծվի:
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթություններից մեկն էլ ձգձգվող հակամարտությունների լուծումն է: