06/04/2018 15:30
ՀՖՖ-ն՝ Վարդան Մինասյանի՝ հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են, որ Վարդան Մինասյանը կնշանակվի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
«Մենք դեռ նշանակում չենք արել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խորհրդական Արմեն Նիկողոսյանը՝ պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է տեղեկությունն այն մասին, որ այսօր հրաժարական ներկայացրած Արթուր Պետրոսյանին հավաքականում կփոխարինի Վարդան Մինասյանը։
Արմեն Նիկողոսյանը նշեց, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչի անունը ՀՖՖ-ն կհայատարարի առաջիկա օրերին։
2009 թվականի մարտին, երբ հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պուլսենը հեռացավ հավաքականից, Վարդան Մինասյանը դարձավ Հայաստանի հավաքականի մարզիչ։
2013 թվականին, սակայն, Վարդան Մինասյանը հրաժարական տվեց։ Այժմ նա ՀՖՖ-ի Տեխնիկական տնօրենն է։
Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականի գխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն այսօր հրաժարական է ներկայացրել։
Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականի մարզիչ էր նշանակվել 2016 թվականին։