09/04/2018 12:34
Ես ուզում եմ արժանին մատուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը. Արմեն Սարգսյան
Այսօր Մարզահամերգային համալիրում կայացած երդմնակալության արարողության ժամանակ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդումից հետո ունեցած ելույթում հիշել է ՀՀ երեք նախագահներին ու հայտարարել, որ գնահատում է նրանց կատարած աշխատանքը։
«Ես մեծապես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ մեր ժողովրդի տոկունության, համբերության և հերոսության ու հաճախ նաև մեծ զրկանքների գնով վերջին 3 տասնամյակում կատարվել է ՀՀ երեք նախագահների՝ Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանակը, իհարկե, լիակատար գնահատական կտա մեր անցած ուղուն, սակայն այսօր կարելի է ամենայն անաչառությամբ ասել, որ ԽՍՀՄ փլուզման պայմաններում, Սպիտակի ավերիչ երկարաշարժի, Արցախի գոյամարտի ու շրջափակման պայմաններում մեզ հաջողվեց ստեղծել պետական կուռ համակարգով բաց հասարակության գաղափարով առաջնորդվող երկիր։
Մեր երկիրը իրավամբ վայելում է համաշխարհային հանրության հարգանքը։
Հակառակ դեռևս առկա խնդիրներին, սա շատ կարևոր ձեռբերում է։ ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ի հետ ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ է բացում, իսկ խորհրդարանական համակարգը լավագույն պայմաններն է ստեղծում դրա համար։ Այդ առումով ես ուզում եմ արժանին մատուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը և պետական գործչի և կազմակերպչի հմտությանը», - հայտարարել է Սարգսյանը։