09/04/2018 12:55
Միացյալ օրակարգ, ընդհանուր պատասխանատվություն և միասնական ջանք. Արմեն Սարգսյանը առաջադրել է աշխատելու իր բանաձևը
Այսօր Հայաստանի ու հայ ժողովրդի համար առանցքային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու բանակցային կարգավորումը, այսօր Մարզահամերգային համալիրում երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը։
«Դրա առաջին երաշխիքը հզոր Հայաստանն ու ամուր Արցախն է։ Իրոք, արդարացի լուծման և Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար մենք պետք է շարունակենք կերտել ամուր, զարգացող ծաղկուն Հայաստան։ Հանուն այդպիսի Հայաստանի մենք պետք է ապահովեն Հայաստանի քաղաքացու ինքնադրսևորման համար լավագույն միջավայրը։ Միասին պետք է հետևողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական, արատավոր երևույթների դեմ՝ կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչև
անպատասխանատվություն։ Այս անզիջում պայքարում մեզանից յուրաքանչյուրի դերակատարումն անհրաժեշտ է։
Մենք կհաջողենք եթե ոչ միայն քննադատենք, այլ համախմբվենք ու աշխատենք միասին», - իր ելույթում հայտարարել է Արմեն Սարգսյանը։
Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթություն պետք է լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունների ամրապնդումն ու դրա ներուժի իրացումը։
«Մեր ազգային միասնության ամենակարևոր գրավականը Ազգային եկեղեցին է՝ համաշխարհային մի կառույց, որի շուրջ դարեր ի վեր համախմբվել է մեր ժողովուրդը։ Պետք է անենք հնարավոր ամեն բան՝ արհեստական հակասությունների վերացման և մեր հավաքականության իրական ուժի գիտակցման ուղղությամբ, մշակենք համազգային խնդիրների լուծման և այդ լուծմանը ծառայող արդյունավետ նոր մեխանիզմներ։ Միացյալ օրակարգ, ընդհանուր պատասխանատվություն և միասնական ջանք։ Վստահ եմ՝ մեկ օր առաջ հասնելու ենք այս բանաձևի ընկալմանը և կենսագործմանը։ Փոքր երկիր, համաշխարհային ազգ. սա է մեր էությունը։
Սիրելի հայրենակիցներ,
Հավատ, վստահություն, արդարություն և ամենօրյա բարեխիղճ աշխատանք։ Այս արժեքներն են, որ կարող են խթանել մեր հասարակության ստեղծագործական ուժն ու եռանդը», - ելույթում հավելել է Արմեն Սարգսյանը։