09/04/2018 19:11
Ռուսաստանը կարող է վերանայել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրերը. Մեդվեդև
Ռուսաստանի իշխանությունները երկրի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն անօրինական են համարում և իրենց իրավունք են վերապահում պատասխան քայլերի դիմել, այդ թվում՝ գործող առևտրային համաձայնագրերի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի փոխվարչապետերի հետ հանդիպմանը, հայտնում է РИА Новости-ն:
ԱՄՆ-ն ուրբաթ պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուս գործարարների և նրանց ենթակայության տակ գտնվող ընկերությունների, ինչպես նաև բարձրաստիճան ռուս պաշտոնյաների նկատմամբ:
«Այդ որոշումներն, անկասկած, անընդունելի են, մենք դրանք անօրինական ենք համարում, քանի որ դրանք ընդհանրապես գտնվում են միջազգային իրավունքի հարթությունից դուրս: Եվ, իհարկե, մեզ իրավունք ենք վերապահում դիմելու պատասխան գործողությունների, այդ թվում՝ գործող առևտրային համաձայնագրերի և ընթացակարգերի առնչությամբ», - ասել է Մեդվեդևը: