09/04/2018 12:22
Նախագահի բարձր պաշտոնն ինձ մղում է լարել ողջ ուժերն ու եռանդը՝ արդարացնելու վստահությունը, որ իմ հանդեպ ցուցաբերեց ԱԺ-ն. Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահի բարձր պաշտոնը ստանձնելը վիթխարի պատասխանատվություն է և՛ երկրի, և՛ ժողովրդի, և՛ պատմության առջև, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ազգային ժողովի հատուկ նիստում իր երդմնակալության արարողության ժամանակ ասաց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը։
«Այն ինձ մղում է լարել իմ ողջ ուժերն ու եռանդը՝ արդարացնելու համար այն վստահությունը, որ մարտի 2-ին իմ հանդեպ ցուցաբերեց ՀՀ Ազգային ժողովը։ Արդարացնելու համար նաև այն հույսերը, որ ինձ հետ կապում են Հայաստանի հասարակության ամենատարբեր շերտերը՝ մտավորականներից մինչև քաղաքացիներ, ինչպես նաև Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք սրտացավ և ուշադիր հետևում են հայրենիքի անցուդարձին, ձեռքբերումներին և մաքառումներին», - նշեց նա։
ՀՀ նորընտիր նախագահն ասաց, որ իրեն ուժ է տալիս հավատը։
«Հավատը մեր երկրի և ժողովրդի ապագայի հանդեպ, հավատը Հայաստանի քաղաքացիների և աշխարհով մեկ սփռված մեր քույրերի և եղբայրների տոկունության, աշխատասիրության ու տաղանդի հանդեպ»,-ասաց Ա. Սարգսյանը։
Նախագահ Սարգսյանը հիշեցրեց՝ այսօր մենք գտնվում ենք Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի շեմին և անցում կատարում պետական կառավարման նոր՝ խորհրդարանական համակարգին։
«Այսինքն՝ մի կողմից ունենք հանրապետական կարգերի 100-ամյա պատմություն և փորձ, մյուս կողմից՝ խորհրդանշական ձևով սկսում ենք նոր էջից։ Մեկ դար առաջ հայ ժողովրդի ծանրագույն կորուստներից հետո գերմարդկային ջանքեր և սխրանք էր պետք փրկելու և ապրեցնելու այն փոքրիկ հողակտորը, որ մնացել էր մեզ մեր մեծ հայրենիքից։ Ի պատիվ նախորդ սերունդների՝ թե՛ առաջին, թե՛ երկրորդ հանրապետությունների օրոք մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, ուղղել մեջքը, այլև արժանապատիվ կերպով ներկայանալ աշխարհին», - ասաց նա։
Արմեն Սարգսյանի խոսքով՝ հենց այս ամենի շնորհիվ է մեզ՝ ներկա սերունդին բախտ վիճակվել հռչակել երրորդ հանրապետությունը, այլև կայացնել մեր հայրենիքի անկախությունը, ամրապնդել մեր ինքնությունը, ինքնիշխանությունը, ստեղծել ամուր և հզոր բանակ։
«Հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը։ Այն բարձրացրեց մեր ոգին։ Եվ այսօր որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին ու պայքարելու է նրա արդար իրավունքների համար՝ երեկ, այսօր և վաղը», - հավելեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը։